Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը՝ ԵԽԽՎ-ից. «Ադրբեջանցի գործընկերների համար ներվային իրավիճակ ստեղծվեց»

Սեպտեմբեր 03,2014 18:12

Այսօր ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի նիստին Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը ներկայացրել են հունիսի 16-18-ին Հայաստան կատարած այցի արդյունքում ներկայացրած տվյալները:

Հայաստանի կողմից Մոնիտորինգային հանձնաժողովի դռնփակ նիստին ներկա են գտնվել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ու պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:

Հերմինե Նաղդալյանը Aravot.am-ին որոշ տեղեկություններ տրամադրեց դռնփակ նիստից: Նա, մասնավորապես ասաց. «Զեկուցողներն արդեն ներկայացրել են իրենց փաստահավաք առաքելության արդյունքները, որի շուրջ փոքր քննարկում ծավալվեց, սակայն քվեարկություն չի նախատեսվում»:

Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի մասին զեկույցը ե՞րբ պատրաստ կլինի: Տիկին Նաղդալյանը կոնկրետ ժամկետներ չնշեց, պարզապես ասաց. ««Ինֆորմացիան դեռ պիտի մշակվի զեկուցողների կողմից: Մենք համազեկուցողների հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին հանդիպում կազմակերպվի պատվիրակության կազմի և համազեկուցողների միջև, որի ընթացքում կքննարկվի այս տեղեկատվությունն ու ընթացիկ խնդիրները: Նաև պայմանավորվել ենք, որ նման հանդիպումները լինեն բոլոր նստաշրջանների ժամանակ, ինչը թույլ կտա ավելի սերտ աշխատել համազեկուցողների հետ և նրանք կարողանան ձեռքը պուլսի վրա պահել երկրում կատարվող խնդիրների վերաբերյալ»:

Մեր մյուս հարցին՝ համազեկուցողներն ընդհանուր առմամբ գո՞հ էին Հայաստանի՝ իր առջև դրված պարտավորությունների կատարումից, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Համազեկուցողները նշեցին, որ այս այցելությունը ՀՀ-ում խորհրդարանական և ՏԻՄ մարմինների ընտրություններից հետո առաջինն էր, որն ուներ ճանաչողական նպատակ. փոփոխություններն արձանագրել, թարմացնել տեղեկատվությունը: Իրենց բնականաբար հետաքրքրում էր նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների նախապատրաստական ընթացքը»:

Տիկին Նաղդալյանի փոխանցմամբ՝ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև այլընտրանքային ծառայությանը, գենդերային հավասարությանը, կրոնական և սեռական փոքրամասնությունների իրավունքներին, ՀՀ-ում ոստիկանության, արդարադատության համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Տիկին Նաղդալյանի փոխանցմամբ՝ համազեկուցողներն, ընդհանուր առմամբ դրական են արտահայտվել Հայաստանի մասին, առաջադիմություն նկատել: Ինչը, սակայն, հունից հանել է ադրբեջանցի պատվիրակներին. «Այդ պատճառով ադրբեջանցի գործընկերների համար ներվային իրավիճակ ստեղծեց և նրանք փորձեցի ներվային ձևով արձագանքել համազեկուցողների ներկայացմանը»:

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարը նշեց նաև, որ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստում համազեկուցողներն անդրադարձել են ՀՀ-ում առկա որոշ խնդիրների. օրինակ՝ արդարադատության համակարգում անկախություն ապահովման, կանանց և տղամարդկանց հավասարությունների, բանակի, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների հարցում, սակայն ըստ Հերմինե Նաղդալյանի՝ այս հարցերում էլ համազեկուցողների համար դրական տեղաշարժերը նկատելի են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930