Aravot.am-ը անդրադարձել էր «Մխիթարիչ բարեգործական ընկերության» հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի այն մտահոգություններին, թե Կանանց ռեսուրսային կենտրոնի տպագրած «Եկեք խոսենք սեքսի մասին» բրոշյուրը «պոռնոգրաֆիա է պարունակում», դրանով «հակաբնական կենակցության ձևեր են քարոզվում»:
Aravot.am-ն այս մասին պարզաբանումներ ստացավ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանից: Մեզ ուղարկված գրավոր պատասխանում Լարա Ահարոնյանը նշում է. «Անցյալ տարի նման անհեթեթություն արտահայտել էր նաև պատգամավոր, «Իրավունք» թերթի խմբագիր Հայկ Բաբուխանյանը: Եվ ոչ միայն լրատվամիջոցներով, այլ նա նաև դիմել էր դատախազություն՝ 2009-ին Կանանց ռեսուրս կենտրոնի կողմից հրատարակված կանանց վերարտադրողական կյանքին և առողջությանը նվիրված վերոնշյալ բրոշյուրների բովանդակության վերաբերյալ: Դատախազությունը ստիպված էր նշանակել մշակութաբանական փորձաքննություն, քանի որ պատգամավորի աչքին բրոշյուրներում երևացել էին պոռնոգրաֆիկ տեսարաններ: Բնականաբար, ավելորդ է նշել, որ փորձաքննությունը հաստատեց պատգամավորի մեղադրանքների անհիմն լինելը: Ներկայումս կանանց վերաբերող և կանանց համար նախատեսված տեղեկատվական բուկլետներում պոռնոգրաֆիայի տեսարաններ են երևում մեկ այլ տղամարդու՝ պարոն Ստամբոլցյանի աչքին: Նման անհեթեթ և անհիմն մեկնաբանությունները պարզաբանելու որևէ կարիք և իմաստ չենք տեսնում, ոչ էլ ունենք դրա ժամանակը»:
Մեր հարցին` համամի՞տ եք այս կարծիքների հետ, եթե ոչ, ապա կհիմնավորե՞ք և կնշե՞ք քննարկման առարկա դարձած գրքույկների կարևորությունը, Լարա Ահարոնյանն այսպես է պատասխանում. «Գրքույկների պարունակությունը կազմում են հանրահայտ «Մենք ու մեր մարմինը» գրքից վերցված հատվածները: Ի դեպ, մոտ հինգ հարյուր էջանոց, աշխարհի ավելի քան երեսուն լեզուներով հրապարակված այս գիրքը թարգմանվել է նաև հայերեն և հրատարակվել Երևանում 2001 թվականին և վերահրատարակվել 2011-ին :
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Նվարդ Մարգարյանի
ես չեմ հասկանում պարոնայք մենք երբ ենք Իսլամական Պետություն դառել… այդքան սուր աչք ունեք երկրում տիրող կոռուպցիան ու բացահայտ գանձագողությունը տեսեք… դա տեսնելու համար դուխ է պետք, կարող է դալաններում ծեծեն, դե իսկ կանանց ռեսուրս կենտրոնը անվտանգ թիրախ է…