«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ հանգուցալուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը: Հակառակ պարագայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կման նույն մակարդակի վրա», – այսօր Բաքվում Իլհամ Ալիևի հետ ավելի քան մեկ ժամ տևած դռնփակ բանակցությունների մեկնարկին հայտարարել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա այս խոսքերը մեջբերում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը` հավելելով նաև, որ բանակցությունների ընթացքում Էրդողանը իր ադրբեջանցի պաշտոնակցին հավաստիացրել է, թե իր` նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բաքվի և Անկարայի հարաբերությունները միանգամայն նոր որակ են ձեռք բերելու:
«Այսուհետ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները այլ կերպ կզարգանան: Այս պահից սկսած տարածաշրջանային խնդիրները իրենց լուծումը պետք է գտնեն մեր երկու պետությունների համատեղ ջանքերի շնորհիվ», – հայտարարել է Էրդողանը:
Կեսօրին մոտ՝ դեմ առ դեմ բանակցությունների ավարտին, Էրդողանն ու Ալիևը հանդես են եկել հայտարարություններով` խուսափելով պատասխանել լրագրողների հարցերին: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս հայտարարություններից պարզ է դարձել, որ հայկական խնդիրները այսօր Բաքվում կայացած բանակցությունների առանցքային օրակարգային կետն էին:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում