Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» «դիմակահանդես» դատարանում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2014 16:34

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել «Լինսի» հիմնադրամի պատասխանատուներից մեկի որդին՝ Կարեն Բեզոյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի ներկայացուցիչը` նրա ազգականը: Դատարանն այսօր անցել էր «Բանդայի գործով» իրեղեն ապացույցների հետազոտմանը, որոնք ներկայացվեցին կողմերի ճանաչմանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հերթով բացում էր պոլիէթիլենային պարկերի մեջ ամփոփված՝ փորձագետների կնիքներով կնքված պարկերը: Դրանց մեջ էր ամբաստանյալ Արթուր Մանուկյանի սպորտային պիջակը, Ազիզյանի տնից գողացված Sony տեսախցիկը, որը ճանաչեց նրա ներկայացուցիչը, սակայն ամբաստանյալ Դավիթ Գալստյանը ցուցադրման ժամանակ հայտնեց, որ այդ իրեղեն ապացույցը ամիսներ հետո են հայտնաբերել, չի եղել եւ երբ ինքը իմացել է քննչից այդ մասին, հարցրել է՝ որտեղի՞ց գտաք: Քննիչն ասել է՝ «բարդաչոկից», մինչդեռ դատավորը նկատեց, որ ըստ գործի նյութերի՝ այն հայտնաբերվել է մեքենայի նստատեղի տակից, ընթերակաների ներկայությամբ:

Banda_10 Banda_12
Ցուցադրվեց տուժող Կարեն Բեզոյանի հագուստը: Նա ասաց՝ «Դա իմ հագին չի եղել դեպքի օրը», քանի որ ինքը քնած է եղել, իսկ այդ հագուստը, որը նաեւ վնասված էր, գցված է եղել անկողնու կողքին:

Ամբաստանյալներից մեկը նկատեց, որ միլիոններ են տարվել՝ ըստ մեղադրանքի կողմի, սակայն չգիտես ինչու ցուցադրվում են «այս կարգի» իրեղեն ապացույցներ:
Բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հարցրեց, թե, մասնավորապես «Սամսունգ» տեսակի 3 հեռախոսները, որոնք նույնպես զննվեցին, ի՞նչ կապ ունեն այս գործի հետ, իսկ դատախազ Սասուն Խաչատրյանն ասաց, որ դրանք ճանաչվել են իրեղեն ապացույց եւ հիմնավորեց, թե ինչու: Հետեւեց Հովիկ Արսենյանի ռեպլիկը. «Այն տպավորությունն է, որ դուք ներգրավված եք այս գործում որպես սրբագրիչ»: Իրեղեն ապացույցների մեջ զննության ենթարկվեցին կպչուն ժապավենները, որով կապկպել են «զոհերին», ինչպես նաեւ դիմակներն ու ձեռնոցները, որոնք կրել են ամբաստանյալները հանցագործության օրը: Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց Արտուշ Հակոբյանին, թե ոստիկանություն բերման ենթարկելիս այդ դիմա՞կն է եղել նրանց վրա, Արտուշ Հակոբյանն ասաց. «Պիտի հագնես, որ զգաս, ոնց որ նասկի լինի», մինչդեռ ցուցադրվում էր բրդյա, սեւ գույնի, անցքերով դիմակներ:

Ամբաստանյալ Սամվել Մանուկյանը հայտարարեց, որ երբ հեռուստատեսությամբ ցուցադրել են այդ դիմակները, դրանք եղել են գունավոր: «Խալխի շորը ինչո՞ւ է բերվել դատարան, դիմակը, որով հանցագործություն է իբր կատարվել՝ չի բերվել»: Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խնդրեց նախագահողին բոլոր դիմակները շարել սեղանի վրա եւ հանդես եկավ հայտարարությամբ` կասկածի տակ դնելով դիմակների պատկանելության, դիմակների վրա հայտնաբերված քրտինքի եւ փորձագիտական եզրակացությամբ ձեռք բերված տվյալները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930