«Պատժամիջոցներն ազդում են, ռուսական ֆինանսական համակարգը կաթվածահար է եղել»,- այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ ռուսական ֆինանսական համակարգն ինտեգրված էր ե՛ւ եվրոպական, ե՛ւ ամերիկյան ֆինանսական համակարգներին, եւ այդ ամենն իրեն հնարավորություն էր տալիս բավականին մատչելի ֆինանսական միջոցներ ռուսական շուկայում ապահովել.
«Խնդիրը կայանում է նրանում, որ այսօրվա աշխարհն այնպիսին է, որ տնտեսությունը զարգացնելու համար անպայման պետք է ինտեգրվել որեւէ համակարգի, եթե ընտրում եք այ համակարգը, ապա պետք է այդ խաղի կանոններն էլ ընդունել: Բայց մյուս կողմն էլ կա, այնպես չէ, որ այս ամենը միակողմանի ազդեցություն է ունենում միայն Ռուսաստանի վրա, նույն եվրոպական տնտեսության խնդիրներն այսօր արդեն առաջ են գալիս, անսպասելի, անմիջական էր այդ ազդեցությունը նույն Գերմանիայի տնտեսության վրա»:
Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ համարում է՝ ստեղծված տնտեսական պատերազմում շահողներ չեն լինելու, բայց լինելու են տուժողներ, եւ ամենաշատ տուժողներից լինելու է Հայաստանը, քանի որ ռուսական տնտեսության բացասական ազդեցություններն արդեն հասել են Հայաստան.
Կարդացեք նաև
«Եթե երեկվա Կենտրոնական բանկի հրապարակած թվերն ենք նայում՝ տրանսֆերների առումով, ապա տաս տոկոսով Ռուսաստանի տրանսֆերները պակասել են՝ նախորդ տարվա համեմատ, եւ այս միտումները կշարունակվեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ