Այս տարի թույլատրվում է անսահմանափակ քանակությամբ ոչնչացնել ագռավներին, գայլերին ու կաչաղակներին: Բնապահպանության նախարարությունը հրապարակել է որսի համար թույլատրելի կենդանիների եւ թռչունների տեսակներն ու քանակը, եւ այդ ցուցակում, ինչպես ասաց բնապահպան, «Թռչնասերների միության» նախագահ Սիլվա Ադամյանը՝ ագռավների, կաչաղակների ու գայլերի համար թույլատրելի որեւէ քանակ նշված չէ :
Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում տիկին Ադամյանը կարծիք հայտնեց, այս երեք կենդանատեսակներին ցանկում չներառելը միտումնավոր չէ, պարզապես ոչ իրազեկության արդյունք է: Տիկին Ադամյանի խոսքերով` պետք է ուսումնասիրություն կատարվի, թե որ կենդանուց որքան կա, ինչ տեսակի եւ այլն, ըստ այդմ էլ որոշվի` թույլատրել որսը, կամ` ոչ:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե անցյալ տարի գայլերի եւ ագռավների որսի համար որքա՞ն է եղել թույլատրելի քանակը, տիկին Ադամյանն ասաց, որ նախորդ տարի գայլ ընդհանրապես չի եղել. որսորդները վճարում էին 100 հազար դրամ, ու անսահման քանակությամբ, անխնա որսում:
Մինչդեռ նշված թռչուններն ու կենդանին բնության մեջ սանիտարի դեր են տանում. նրանք սնվում են աղբով, առնետներով. եւ եթե հիմա նրանց ոչնչացնեն, մեկ այլ լուրջ խնդիր է առաջանալու:
Կարդացեք նաև
Այս խնդրով տիկին Ադամյանը դիմել է նախարարությանը, բայց դեռևս պատասխան չի ստացել:
Մանրամասն` տեսանյութում
Բնապահպանի ներկայացմամբ` շատ տարածված է միջատների որսագողությունը. այս դեպքում միջատներին որսագողները բռնում են եւ Հայաստանից առաքում այլ երկիր. «Սա լուրջ բիզնես է որոշ մարդկանց համար: Հայաստանում կան կարմիր գրքային հարյուրավոր միջատներ, որոնք աշխարհի ոչ մի այլ երկրում չկան. ամեն մի թիթեռը վաճառվում է 2000-3000 դոլարով»:
Տիկին Ադամյանի խոսքերով`կարմիր գրքային եւ ընդհանրապես միջատների տեսակներով ամենահարուստ ու յուրահատուկ վայրը Զանգեզուրն է.«Բայց պղնձամոլիբդենային գործարանի պատճառով բույսերը չորանում են, ինչն էլ բացասական է ազդում միջատների վրա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ