«Սեպտեմբերի երեքը ապացույցն է նրա, որ Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքական, տնտեսական առումով ռազմավարություն չկա»,- այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Իսկ եթե ռազմավարություն ունենար եւ ռազմավարական խնդիրներ դրված լինեին, ըստ նրա՝ իշխանության առջեւ, սեպտեմբերի 3-ն անակնկալ չէր լինի: Նրա կարծիքով՝ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն փոփոխություն չէր կարող լինել, քանի որ դրած է քաղաքական խնդիր: Նա համարում է, եթե Հայաստանը ցանկանում է հաջողությունների հասնել, պարտադիր չէ միանալ ինչ-որ միության.
«Դա նաեւ խոսում է գործող իշխանության անլրջության մասին, եթե լուրջ քաղաքական ուժ լիներ եւ պատասխանատու իշխանություն, մինչ այդ բացատրություն կտար մեզ բոլորս, թե ի՞նչ է տեղի ունեցել եւ իսկապես, ավելի ձեռնտու էր Մաքսային միության անդամ դառնալ, այսինքն՝ այդ բացատրությունները պետք է տրվեր, բայց չտրվեց եւ սեպտեմբերի երեքին այդպիսի որոշում կայացվեց, եւ մինչեւ հիմա էլ այդ բացատրությունը տրված չէ»:
Նա հավելեց, որ դեպի Եվրոպական ասոցացման համաձայնագիր գնալու բացատրությունն էլ չէր տրվել: Ըստ Վահագն Խաչատրյանի՝ եվրոպացի եւ հայ տնտեսագետների կողմից կատարված տնտեսական հաշվարկները ցույց էին տալիս, որ մոտակա տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանին լուրջ տնտեսական հաջողություններ չեն սպասվում.
Կարդացեք նաև
«Ես շատ կասկածում եմ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցող ինստիտուտներին, որոնք մի հաշվարկ էին ներկայացրել, որ Հայաստանում 8-10 տոկոս ՀՆԱ աճ կլինի 2017-2018 թվականներին: Դա իրական չէ, այդպիսի թվեր գոյություն չունեն, Հայաստանն այդքան տնտեսական աճ ապահովելու պոտենցիալ չունի: Այսօր մենք շատ մեծ ցանկության դեպքում, եթե կարողանանք նույնիսկ 4-5 տոկոս տնտեսական աճ ապահովել առաջիկա տարիների ընթացքում, որը նորից ես բացառում եմ. Դա մեծ հաջողություն կլիներ Հայաստանի Հանրապետության համար»:
Պարոն Խաչատրյանը նշեց, որ Մաքսային միությանը անդամակցելու մեկ հանգամանք կա, դա գազի գինն է, որովհետեւ որպես Մաքսային միության անդամ երկիր Հայաստանը գազի արտահանման հարկից ազատվում է: Իսկ միությանն անդամակցությունն առավելություններ չունի, քանի որ Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանը գործում է նույն տնտեսական համակարգում եւ ԱՊՀ երկրների շրջանակներում ունի Ազատ առեւտրի համաձայնագիր, այսինքն՝ որեւէ խոչընդոտ չկա առեւտուրն իրականացնելու համար.
«Ընդհակառակը՝ մենք ունենք լրացուցիչ խնդիրներ՝ լրացուցիչ մաքսատուրքերը, որոնք 2.7 անգամ ավելին են, քան Հայաստանում գործող մաքսատուրքերը, որը նշանակում է, որ մեր կյանքը թանկանալու է: Սա փաստ է, որի մասին չենք խոսում, որովհետեւ ձեռնտու չէ գործող իշխանությանը եւ հիմնավորումներ չկան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ