Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Ստեփան Մարգարյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2014 13:36

«Համարանիշն օրենքով պարտադիր բան է, եթե մենք դա օրենքով ընդունել ենք, ինչո՞ւ ենք հիմա գնում բացառության: Բացառությունների պարագայում բազմաթիվ մարդկանց համարանիշն այլեւս ընդհանրապես պետք չէ, քանզի, բացառապես այդ ոլորտի համար է պետք եղել համարանիշը»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Քաղաքապետարանի, համայնքային գերատեսչական շահն է, իրենք են ուզում գումարը հավաքել, բայց ես չեմ հասկանում, որ կառավարությունն է խնդրի լուծումն այդպես տեսնում»,- տարակուսեց պատգամավորը ու հարց հնչեցրեց. «Ինչո՞ւմն է խնդիրը, որ գնանք համարանիշները ոչ թե բացառությունների կարգով վերացնելու, այլ ներդնելու ճանապարհով»:

Իր հարցի հստակ պատասխանը նա այդպես էլ չստացավ, միայն հիշեցումներ հնչեցին թե հանրային ծառայությունների համարանիշի`սոցքարտերի, ներդրման ժամանակ որքան մարդիկ կրոնական կամ այլ համոզմունքներից ելնելով հրաժարվեցին դրանցից:
ՀՀ կառավարությունն առաջարկում է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել  եւ հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքի բյուջե վճարվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա:

«Օրենքի ընդունմամբ ակնկալվում է վերացնել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ կատարելու համար ստեղծված խոչընդոտները(անհնարինությունը, ինչպես նաեւ ապահովել համայնքների բյուջեների մուտքերը»,- բացատրեց կառավարության ներկայացուցիչը: Այս քայլով կառավարությունը մտադիր է այն քաղաքացիներից, ովքեր մինչ այժմ սոցքարտի բացակայության պատճառով խուսափել են որոշակի հարկատեսակների վճարումից, այլեւս դատական կարգով ստանալ այդ գումարները:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ փորձ է արվում հետադարձ, օրենքը համապատասխանեցնել փոքր ոլորտների, որ «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները գոհ»: «Էն ժամանակ մարդիկ դուրս եկան ցույցերի-բաների, ասեցին`սատանայի հետ գործարք է, էն ժամանակ պետք էր`սատանայի հետ էդ գործարքին գնացիք, հիմա, որոշ ոլորտներում բացառո՞ւմ եք: Դրա համար էլ Հայաստանում պետական ինստիտուտները չեն կայանում»,- ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ նախաձեռնությունն ուղղակիորեն կարմիր գծերից հավաքագրվող գումարներին է առնչվում, չնայած կառավարության ներկայացուցիչների այն հավաստիացումներին, որ խնդիրն, ընդհանուր առմամբ, հարկ ու տուրքերին է վերբերվում`գույքահարկ, աղբահանության եւ այլն: Պատգամավորը նկատեց, որ կառավարությունն իր հիմնավորումներում ութսուն տոկոսով հենց ավտոկայանատեղերին է անդրադարձել:

Այլ մանրամասները`տեսանյութում

 

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյան առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին`այն մեկ տարի կիրառելու ժամկետով եւ առաջինից-երկրորդ ընթերցում հատվածում հարցը քննարկելու, լսումների, հանրային քննարկումների արդյունքում առավել իրատեսական լուծումներ գտնելու համար:

Նիկոլ Փաշինյանը Ստեփան Մարգարյանին մեղադրեց անազնիվ լինելու մեջ ու հիշեցրեց, որ ԲՀԿ-ն էլ ընդդիմադիր պատգամավորների հետ պայքարում է կարմիր գծերից ապօրինի հավաքվող գումարների դեմ: Փաշինյանը տարակուսեց. «Ես չեմ հասկանում, որ դուք պայքարում եք օրենքով կարմիր գծերին դեմ լինելու համար, բայց հնարավորություն եք տալիս օրենքով կիրառել հասարակության կեղեքումը մեկ տարով»:

Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ հրապարակավ հայտարարում է, որ շարունակելու է պայքարել եւ կարմիր գծերից եւ ՀՀ քաղաքացիներից հավաքվող այլ ապօրինի գումարների դեմ, բայց կարծում է, որ համայնքային բյուջեների համալրման առումով խնդիր կա եւ դա պետք է հստակեցվի:

Արդյունքում, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին`մեկ տարի կիրառման ժամկետով եւ հետագայում քննարկումները շարունակելու ակնկալիքով: Միակ «դեմը» Նիկոլ Փաշինյանն էր, ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանն էլ «ձեռնպահ» քվեարկեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930