«Ես ի սկզբանե դեմ եմ եղել Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը, և հիմա գտնում եմ, որ սա մեզ լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս: Մենք հոժարակամ, մեր մեծ եղբոր հետ գնում ենք մի պետություն, որը պատժամիջոցների տակ է»,-այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Պարոն Արզումանյանը կարծում է, որ անցյալ տարի սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու պատրաստակամության մասին, դրանից հետո շատ բան է փոխվել: Ըստ նրա՝ հիմա այլ իրավիճակ ունենք, երբ ՌԴ-ն Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին իրեն թշնամի համակարգեր է հռչակել, առաջացել է բևեռացում և սպառնալիքները շատացել են, կամ ՌԴ-ն հրահրել է Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ և նույնիսկ մասնակցում է դրան: Կամ մեկ տարի առաջ միջազգային հանրությունը խոսում էր Ասադին գահընկեց անելու մասին, բայց այսօր քննարկվում է Ասադի միջոցով այն ահաբեկչական խմբակցություններին կանգնեցնելու և ցեղասպանությունը դադարեցնելու մասին: Այս իրավիճակին ելնելով՝ պարոն Արզումանյանը կարծում է, որ ՀՀ-ն մանևրելու տեղ ունի:
Aravot.am-ի հարցին՝ ո՞վ և ինչպե՞ս պիտի մանևրի, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ին բազմաթիվ անակնկալներ մատուցվեցին, բայց նա հալած յուղի պես ընդունեց դրանք, օրինակ՝ այն, որ սեպտեմբերի 3-ի հայտարարվեց, թ ՀՀ-ն լինելու է ԵՏՄ հիմնադիր անդամներից մեկը, սակայն դա այդպես էլ չեղավ, կամ գազի գնի հարց, պարոն Արզումանյանն արձագանքեց. «Այո, իշխանափոխություն է պետք, նորմալ ընտրություններ են պետք, ադեկվատ ղեկավարներ, որ կարողանանք դիմակայել բոլոր պարտադրանքներին, որ ամեն ինչ հալած յուղի պես չընդունենք: Մենք մեր սուվերենությունը արդեն որոշ չափով կորցրել ենք և դեռ էլի զիջելու ենք, եթե այսպես շարունակվի»:
Հարցին կոնկրետ ի՞նչ քայլերով պետք է մանևրի Հայաստանը, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Եթե ինձ հարցնում եք՝ ինչ պիտի արվի, ապա եթե ես լինեի Նալբանդյանի փոխարեն, կբացատրեի իմ եղբայր ռուսին, որ ավելի ձեռնտու է՝ ես չմտնեմ այս միության մեջ և օգտակար լինեմ Ռուսաստանին և ներկայացնի շահեր Ռուսաստանին այն երկրների հետ, որոնց հետ Ռուսաստանը չի առնչվում: Կամ ՄԱԿ-ում, երբ քեզ դեմ են տալիս որևէ բանաձև, չգնաս Զիմբաբվեի հետ քվեարկես այդ նախագծին կողմ, այլ բացատրելով ձեռնպահ քննարկես: Մանևրելը քեզ տալիս է հնարավորություն չլինել մեկի դոմինանտ իշխանության ներքո, որը փչացնում է նաև այլ գործընկերների հետ հարաբերությունները: Կարող է նաև մենք հասնենք սուվերենության կորստի, եթե այսպես շարունակենք»:
Կարդացեք նաև
Ըստ Ալեքսանդր Արզումանյանի՝ մեր քաշային համակարգը մեզ դատապարտում է ունենալ լավ հարաբերություններ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Ալեքսանդր Արզումանյանը պնդում է, որ ԵՏՄ նախագիծը մնալու է թղթի վրա, այն քաղաքական հեռանկար չունի: Դիտարկմանը, թե փաստաթուղթը կստորագրվի՞, պարոն Արզումանյանն արձագանքեց, թե ԱՊՀ-ի մասին փաստաթուղթն էլ է ստորագրված, բայց այն ի՞նչ է տալիս:
Պարոն Արզումանյանի կարծիքով՝ ՀՀ-ին թույլ չեն տալիս դառնալ ԵՏՄ հիմնադիր անդամ, քանի որ Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի երկրորդ ձայն:
Ալեքսանդր Արզումանյանը բացառեց, որ Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ կտեղադրվի, հակառակ դեպքում՝ դա կլինի ինքնասպանություն ՀՀ իշխանության համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՌԴ-ն հրահրել է Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ»:Պարոն Արզումանյան,երբ Աստված խիղճ էր բաժանում որտեղ էիք…Կարծում եմ Ձեր կողմից ԱՄՆ-ին սիրելն ու ծառայելը պիտի լինեն տարբեր հարթությունների վրա:Օրինակ,ես էլ մեր հարեւանին եմ սիրում,բայց չեմ ծառայում, որովհետեւ ընտանիք ունեմ…