Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հազարավոր եզդիների սպանել են առանձնակի դաժանությամբ»

Սեպտեմբեր 03,2014 13:11

Իրաքի՝ Թուրքիային սահմանամերձ հին քաղաքներում տեղակայված եզդի փախստականների ճամբարից նոր վերադարձած եզդիական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան:

Փախստականների վիճակը մտահոգող է.«Սինջար եզդիների միավորում» հ/կ նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ այնտեղ գտնվելու վերջին օրվա տվյալների համաձայն, Թուրքիայում ապաստան են ստացել 22.000 փախստականներ, ևս հինգ հարյուր հոգի վերջերս Իրաքից տեղափոխվեց Թուրքիա. «Եզդիների հիմնական խնդիրը կացարան ունենալն է: Չնայած նրան, որ նախկին տասը եզդիաբնակ գյուղերը վերաբնակեցվել են, փախստականներից շատերը կացարան չունեն, քնում են այգիներում, ու դրանք վերածվել են փախստականների ճամբարների: Մեր կազմակերպած դրամահավաքի օգնությամբ մոտ 11.000 դոլար տեղափոխեցինք Թուրքիա և գնեցինք 25 երկաթյա, ջերմամեկուսիչ, բետոնապատ հատակներով վրաններ, որոնք նախատեսված են 180 հոգու համար»:
Բորիս Մուրազին ասաց, որ ներկա դրությամբ եզդիներն իրենց բնակատեղի՝ Շանգալ վերադառնալու նպատակ չունեն, քանի որ նրանց բնակության վայրերը շրջապատված են մուսուլմանական երկրներով, ու եթե հիմա պատերազմը վերջանա, չի նշանակում, որ մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո նորից չի սկսվելու:

«Եզդիների ազգային կոմիտե» հ/կ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը ավելացրեց. «Ցեղասպանության զոհերի թվաքանակի մասին հստակ խոսել չենք կարող, բայց մոտավորապես քսան հազար մարդ սպանվել է: Սպանությունները կատարվել են առանձնակի դաժանությամբ, մոր աչքի առջև գլխատել են որդուն: Այն եզդի կանանց, որոնց չէին սպանում, տանում ու որպես ստրուկ վաճառում էին շուկաներում: Այդպես կանանց մի խումբ ձեռքերով իրար են կապվել ու միասին անդունդից ցած են նետվել, որպեսզի չընկնեն իսլամիստների ձեռքը:

Առավել հիասթափեցնող է միջազգային հանրության արձագանքը: Ըստ տվյալների, նրանք օգնություն են ուղարկում փախստականներին, բայց եզդիների հետ խոսելով իմացանք, որ օգնությունը շատ քիչ է եղել ու իրենց չի հասել»:

Բորիս Մուրազին տեղեկացրեց նաև քրդական նոր բիզնեսի մասին. Թուրքիայում ապաստան գտած մարդիկ, որոնք Իրաքում հարազատներ ունեն, քրդական խմբավորումներին 700 դոլար վճարելով կարող են անօրինական ճանապարհով իրենց հարազատին բերել Թուրքիա. «Բիզնեսն այնքան է լկտիացել, որ մի ընտանիքի ամեն անձից յոթ հարյուր դոլար վերցնելուց հետո նրանց Իրաքի տարածքում մեքենայով պտտեցնելուց հետո իջեցրել են Իրաքի լեռներից մեկում՝ ասելով, որ նրանք Թուրքիայում են և հեռացել».- պատմեց հ/կ նախագահը:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930