Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը հետ է Իրանից, Թուրքիայից, Ադրբեջանից ու Վրաստանից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2014 13:02

Հայաստանը տարածաշրջանում ամենահետն է համաշխարհային մրցունակության ցուցիչով: Այս մասին փաստում է «2014-2015թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցը», որն այսօր, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ներկայացրեց

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, տնտեսագետ Մանուկ Հերգնյանը: Մեր երկիրը հետ է Իրանից, Թուրքիայից, Ադրբեջանից ու Վրաստանից:

Տնտեսության ամենաարագ աճն ունեցել է Ադրբեջանը, ապա` Վրաստանը:
Ադրբեջանի համար տնտեսական աճ են ապահովել ներդրումները, մակրոտնտեսական ցուցանիշներն ու մրցունակության բարձրացման խթանը: Վրաստանի դեպքում ինստիտուտների կարգավորող դաշտի, բիզնեսի կատարելագործման բարելավումները, ենթակառուցվածքների եւ բիզնես միջավայրի համար բազային պայմաններ ստեղծելը:
Ենթացուցիչով Վրաստանը 48-րդ տեղում է իսկ Հայաստանը` 82-րդ:

Տնտեսագետի ներկայացմամբ, Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն Հայաստանն իր մրցունակությամբ 85-րդն է աշխարհի 144 երկրների մեջ:
Համաձայն զեկույցի, ենթակառուցվածքների առումով մեր երկիրը 144 երկրների շարքում 78-րդ տեղում է, մակրոտնտեսական միջավայրով` 77-րդ: Առողջապահության եւ տարրական կրթության ցուցանիշով 99-րդ տեղում ենք հայտնվել, նախորդ զեկույցի համեմատությամբ` փոփոխություն կրելով -14 ցուցանիշով:
Աշխատուժի շուկայի արդյունավետությամբ -21 ցուցանիշով ենք հետ ընկել` 144 երկրների շարքում զբաղեցնելով 74–րդ տեղը: Ֆինանսական շուկայի զարգացվածությամբ այս զեկույցում նախորդ 76-րդ տեղից հայտնվել ենք 97-րդ տեղում` փոփոխություն կրելով -21 ցուցանիշով:

Մանուկ Հերգնյանը համոզված է, որ արտահանումը մեր բիզնեսի զարգացման կարեւոր մարտահրավերներից է:

Տնտեսագետի խոսքերով, ՀՆԱ-ի մեջ արտահանման մասնաբաժինը մեզ համար ամենակարեւոր ցուցանիշն է եւ այս առումով Հայաստանը 127-րդ տեղում է, այսինքն` հետ է մեզ մրցակից մի շարք երկրներից:

Տնտեսագետի տվյալներով, ըստ առանձին ցուցիչների, բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ օրերի քանակի, բջջային կապի հասանելիության, ինտերնետից օգտվողների թվի եւ դպրոցներում ինտերնետ հասանելիության ցուցանիշները:

Փոխարենը վատթարացել են գնաճի, ֆինանսական միջոցների հասանելիության, օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով տեխնոլոգիաների փոխանցման, քլաստերային զարգացման եւ իրավական դաշտի ցուցանիշները:
Հայաստանի մրցունակության առավելություններից զեկույցը նշում է չափահաս բնակչության մեջ ՁԻԱՀ-ի տարածվածության ցածր մակարդակը, որի շնորհիվ մեր երկիրն առաջին տեղում է: Ներդրողների իրավական պաշտպանվածության առումով էլ 22-րդ տեղում ենք:

Մանուկ Հերգնյանի խոսքերով, ուշադրության արժանի թերություններից է նավահանգստային ենթակառուցվածքի որակը, որով հայտնվել ենք 134-րդ տեղում, ՀԱՆ-ի մեջ արտահանման մասնաբաժնով էլ զբաղեցրել ենք 127-րդ տեղը: Երկրի կարողությունը ձեռք բերել եւ պահպանել տաղանդներ ցուցիչով էլ 123-րդ տեղում ենք: Կառավարության կողմից առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների ձեռքբերմամբ Հայաստանը 121-րդ տեղում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930