Լրահոս
Օրվա լրահոսը

Նանոարտադրանքը կարելի է սպառել միայն դրա անվտանգ լինելու դեպքում

Սեպտեմբեր 03,2014 11:41

ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ եւ ՄԱԿ-ի ուսուցման եւ հետազոտության ինստիտուտի հետ համատեղ՝ այսօր Երեւանում իրականացրեց «Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման եւ ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագիրը»։ Ծրագրի նպատակն է նպաստել նանոանվտանգության ոլորտի կադրերի պատրաստմանը եւ քիմիական նյութերի կառավարման ոլորտում ազգային ներուժի ամրապնդմանը։

Սեմինարից առաջ բացման խոսքով հանդես եկավ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի կառավարությանը ծրագրի իրականացման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Նախարարը, անդրադառնալով ծրագրի կարեւորությանը, նշեց, որ վերջին տարիներին աճել է քիմիական նյութերի արտադրությունը, առեւտուրը եւ կիրառումը. «Քիմիական նյութերի օգտագործումը շատ ոլորտներում ունի իր կարեւորությունը, սակայն այդ նյութերի ոչ ճիշտ կիրառումը դրանց գործածության ցանկացած փուլում կարող է շրջակա միջավայրի վրա անբարենպաստ ազդեցության գործոն հանդիսանալ»։

Նախարարն իր խոսքում նշեց, որ նանոարտադրանքը կարելի է սպառել միայն դրա անվտանգ լինելու դեպքում, որն էլ հնարավոր է ապահովել միայն հետազոտողների, արտադրողների եւ համապատասխան գործադիր մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ. «Չնայած շրջակա միջավայր թափանցած նանոնյութերի որոշ տեսակների էկոհամակարգերի վրա բացասական ազդեցության վերաբերյալ շատ են կարծիքներ հնչում, այնուամենայնիվ բացահայտվել են դրանց մի շարք օգուտները»։ Նախարարի համոզմամբ այդ օգուտներից է ոչ միայն ռեսուրսների կայուն օգտագործումը, այլեւ օժանդակումը կանաչ էներգիայի, կանաչ քիմիային, որոնք կապված են բնական պաշարների արդյունավետ օգտագործման հետ։

Իր խոսքում նախարարը նշեց, որ ՀՀ բնապահպանական պետական քաղաքականությունն ուղղված է քիմիական նյութերի անվտանգ կառավարման ապահովմանը՝ նպատակ ունենալով կանխարգելելու շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա դրանց վտանգավոր ազդեցությունը։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն էլ իր խոսքում հույս հայտնեց, որ Հայաստանը նման միջոցառումների շնորհիվ կարող է դառնալ Նանոտեխնոլոգիաների իրազեկության կենտրոնը. «Շատ ուրախ եմ, որ Հայաստանն այն երկրներից մեկն է, որն ընտրվել է այս պիլոտային ծրագրի իրականացման համար»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930