ՀՀ ֆինանսների նախարարության Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է, պատկերավոր ասած՝ ստվերի դեմ պայքարի օգոստոսի վերջին տասնօրյակի հաշվետվությունը։
Այսպիսով, ավարտվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ստվերի դեմ հայտարարված պայքարի 2-րդ ամիսը։ Դեռ մայիսին Աբրահամյանը հայտարարել էր, որ այս տարվա հուլիսի 1-ից անզիջում պայքար է սկսելու ստվերի դեմ, իսկ դրա փայլուն արդյունքները ՊԵԿ-ը ամփոփելու է յուրաքանչյուր տասնօրյակը մեկ։ Եվ ուրեմն, ի՞նչ արդյունքներ են գրանցվել։ Օրինակ, ՊԵԿ-ը «ՀԷՑ»–ում կատարված ստուգումների արդյունքում այդ ընկերությանը առաջադրել է 1.3 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։ Կամ, ինչպես նշված է հաշվետվության մեջ, «Աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու 19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 32 չգրանցված աշխատող»։ «Ընդհանուր առմամբ, օգոստոսի 3-րդ տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 2 մլրդ 393 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն»,- ամփոփել է իր հաշվետվությունը ՊԵԿ-ը։ Որքա՞ն պետք է ստանա բյուջեն ամբողջ օգոստոսի ընթացքում՝ ՊԵԿ-ը չի նշում։
Եվ ընդհանրապես, հաշվետվություններում համադրելի ցուցանիշները բացակայում են։ Այսինքն, այդ հաշվետվություններով հնարավոր չէ հետեւողականորեն կառուցել ստվերի դեմ պայքարի ողջ պատկերը։ Մասնավորապես, տնտեսվարողների կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերում արտացոլված ընդհանուր գումարի մասին տեղեկությունը, որը թերեւս ամենակարեւորն է եւ ցույց է տալիս, թե ինչ արդյունքներ են գրանցվել ստվերի դեմ պայքարում, ՊԵԿ-ը ներկայացրել է միայն հուլիսի առաջին տասնօրյակում։ Դրանից հետո հրապարակած 5 հաշվետվություններում այդ կարեւորագույն ցուցանիշի մասին ակնարկ անգամ չկա։ Սա տարօրինակ է այնքանով, որ ստվերի դեմ հայտարարված պայքարի հիմնական «գաղափարախոսությունը» տնտեսվարողների կողմից իրականացվող մատակարարումների համատարած փաստաթղթավորումն էր։ Եվ հաշիվ-ապրանքագրերում արտացոլված ընդհանուր գումարի աճը ցույց կտար, թե որքանով է նվազել ստվերը։ Այս ցուցանիշը համառորեն չհրապարակելը ցույց է տալիս, որ ինչպես հուլիսին, օգոստոսին եւս ստվերի դեմ պայքարը ձախողվել է։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում