Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենիկումի սինդրոմը

Սեպտեմբեր 03,2014 17:00
armenikum

1998 թվական: ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, չգիտես ինչու, պաշտպանության նախարարը ազդարարեց «Արմենիկում» կոչվող դեղամիջոցի մասին: Ոչ թե հասարակ դեղամիջոց, այլ մի իսկական բալասան, որը պարզապես արմատախիլ է անում ՁԻԱՀ-ՄԻԱՀ-ը եւ ձեռքի հետ մնացած բոլոր ԱՀ-երը: Ու պաշտոնական եթերը ողողվեց մեզ սպասող մոտակա «պայծառ ապագայի» պատկերներով: Հատուկ հիվանդանոց ենք կառուցում, չէ՞, մի ամբողջ հիվանդանոցային քաղաք, աշխարհի բոլոր ծայրերից հիվանդները մեզ մոտ են գալիս, բնականաբար՝ ուղեկցողների հետ: Մինչ նրանք բուժվում են, ուղեկցողները այդքան ցանկալի դոլարները ծախսում են մեր հյուրանոցներում, գիշերային ակումբներում ու կազինոներում: Լաս Վեգասը սնանկանում է, մեր ՀՆԱ-ն գերազանցում է հարեւանինը, որը «Արմենիկումը» թողած՝ հույսն ինչ-որ նավթ-գազի վրա է դրել. մի խոսքով՝ Երեւանը դառնում է նոր Վասյուկի, իսկ մնացած քաղաքները՝ հին Երեւան:

Անցան տարիներ: «Արմենիկումի» գաղտնիքը չկարողացավ բացահայտել ոչ Ասանժի Վիկիլիքսը, ոչ էլ Սնոուդենը: Մինչ օրս էլ պարզ չէ, թե հայկական անունով այդ դեղամիջոցն ի՞նչ է բուժում, բուժո՞ւմ է ընդհանրապես, թե՞ հակառակը: «Արմենիկումն» անհետացավ, բայց մնաց արմենիկումային մտածողությունը, սինդրոմը:

Արմենիկումային սինդրոմը ներխուժեց արտաքին քաղաքականություն: Մի գիշեր՝ բոլորի համար անսպասելի, հայտարարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով արձանագրությունների ստորագրման մասին: Արմենիկումային ոգեւորությամբ «գյուտի» հեղինակները մանրամասն թվարկում էին, թե ինչ օգուտներ կարող է ունենալ Հայաստանը, ինչպես է մեր ծիրանը աշխարհի շուկաներից դուրս մղում իր թուրքական անհաջող կրկնօրինակին, իսկ Ստամբուլի շուկան ողողվում made in Armenia պիտակով ապրանքներով: Սա էլ չաշխատեց, անշուշտ, պետք է հարեւանների հետ հարաբերությունները կարգավորել, մանավանդ, որ ժողովրդի մի մասը արդեն իսկ իր համար այն կարգավորել է, ու թե՛ արտագնա աշխատանքի է մեկնում Թուրքիա, թե՛ ամառվա հանգիստը վայելում Անթալիայի ավազներին: Բայց եթե նոր Արմենիկումի ղեկավարները մի փոքր հաշվարկեին քայլերն ու դժվարությունները, հաշվի առնեին խնդրի ուսումնասիրմամբ տարիներ շարունակ զբաղվող անձանց տեսակետը, կհասկանային, որ հարաբերությունների կարգավորմանը քայլ առ քայլ պետք է մոտենալ: Ու հիմա՝ արձանագրությունների ստորագրումից հինգ տարի անց, նույն «Արմենիկումի» արդյունքը չէինք ունենա:

Անցան տարիներ: Արմենիկումային ոճը սկսվեց նույն «հաջողությամբ» կիրառվել նաեւ ներքին կյանքում: Նախ հայտարարում են տրանսպորտային գների կրկնակի աճի մասին, հետո միայն, ժողովրդի բուռն արձագանքի արդյունքում, սկսում են հանձնաժողովներ ստեղծել, հաշվարկներ կատարել ու քննարկել, թե ինչպես, ինչ մեթոդներով է հնարավոր կարգավորել հարցը, տրանսպորտի գինը բարձրացնել` միեւնույն ժամանակ մեղմելով հասարակության դժգոհությունը: Ելքը, եթե անգամ գտել են, այդուհանդերձ՝ դեռ չեն հրապարակել. ոչ սակագներն են բարձրացել, ոչ էլ հանրային տրանսպորտն է կարգավորվել: Անմիջապես կտրուկ անցում՝ կենսաթոշակի կուտակման համակարգին: Եվ կրկին Նոր Վասյուկիի պատկերներ՝ պարզապես մի քսան տարի անց: Հայտարարեցինք, թե ուսումնասիրել ենք համաշխարհային փորձն ու գտել ենք մերը, իսկ մերը քաջ հայտնի է, որ ուրիշ է: Պարզվեց, որ իրոք, ուրիշ է՝ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը: Անգամ Սահմանադրական դատարանի որոշման պահանջով օրենսդրական ինչ-ինչ փոփոխություններ անելուց հետո էլ խնդիրը մնում է դեռեւս չլուծված կամ թերի լուծված:

Այսպես էլ ապրում ենք՝ հույսը դնելով հազարան բլբուլների, կախարդական սուփրաների, Ալադինի լամպի, Արմենիկումի կամ գոնե «Ընտանեկան լոտոյի» վրա: Բայց երկրի մասշտաբով հրաշքներ չեն լինում, եթե լինում են անգամ, ապա միայն ճշգրիտ հաշվարկած քայլերի արդյունքում:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարինե says:

    Արմենիկումը լայնորեն կիրառվում է Լոռու մարզի գյուղական համայնքների վճարունակ բնայիչների կողմից: Վերջիններս Արմենիկում են ներարկում խոզերին, որպեսզի զերծ պահեն վարակներից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930