Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիայի Սենատի կողմից աջակցությունը ԼՂՀ պատմության նշանակալի իրողություն է

Սեպտեմբեր 03,2014 16:30

Ըստ ղարաբաղցի հասարակական գործիչների՝ Կալիֆոռնիայի Սենատի որոշումը
կարող է խթանել ԼՂՀ ճանաչմանը ամերիկյան մյուս նահանգների կողմից:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ Կալիֆոռնիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւը թե՛ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, թե՛ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա. այս հարցը անցյալ շաբաթվանից քննարկվում է:

ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանին «Առավոտը» հարցրեց, թե Լեռնային Ղարաբաղի անկախության 23-րդ տարեդարձի նախաշեմին Կալիֆոռնիայի Սենատի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւի ընդունումը կարելի՞ է արդյոք համարել ազդակ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին, որոնց նկատմամբ վերաբերմունքը ավելի ու ավելի է կոշտա նում՝ կապված այդ երկրում ընդդեմ ժողովրդավարության լուրջ պրոցեսների:

«Կալիֆոռնիայի Սենատի որոշումը հակված եմ գնահատել ընդհանուր ընթացքի մեջ որպես Ղարաբաղի ճանաչում եւ արցախցիների ինքնորոշվելու իրավունքի հաստատում Նահանգների օրենսդիր մարմինների կողմից: Ինչպես հայտնի է, Կալիֆոռնիան արդեն հինգերորդ նահանգն է, որն ընդունում է Արցախի վերաբերյալ բանաձեւ: Հատկանշական է, որ Կալիֆոռնիան հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցիկ սուբյեկտներից մեկը եւ ունի ամենազարգացած տնտեսությունը: Այս տեսանկյունից Կալիֆոռնիայի Սենատի որոշումը կարող է խթանել ԼՂՀ ճանաչմանը ամերիկյան մյուս նահանգների կողմից: Բացի այդ, նշյալ որոշումը բացում է մեծ հնարավորություններ Արցախի եւ Կալիֆոռնիա նահանգի միջեւ ուղիղ բազմակողմանի համագործակցության համար»,- նկատեց Մասիս Մայիլյանը:

Իսկ ինչ վերաբերում է Կալիֆոռնիայի Սենատի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւի ազդեցությանը արցախյան հակամարտության կարգավորման վրա, ապա ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը նշեց, որ դեռեւս 2007 թվականին առաջարկել են գործի դնել ղարաբաղյան կարգավորման «second track»-ը (երկրորդ ուղի- Է. Գ.): «Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին զուգահեռ անցկացնել ակտիվ եւ նպատակաուղղված աշխատանք ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ: Իսկ 2010 թվականի ապրիլին ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդը դիմեց սփյուռքի հայկական ավանդական կուսակցություններին եւ լոբբիստական կազմակերպություններին` կոչ անելով հանդես գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված գործընթացով: Կարծում եմ, որ այս ուղղությամբ առաջընթացը կնպաստի ադրբեջանա-ղարաբաղյան միջպետական հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասաց Մասիս Մայիլյանը:

Karen-Ohanjanyan_44

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի՝ Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը «Առավոտի» հետ զրույցում, գնահատելով Կալիֆոռնիայի Սենատի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւի ընդունումը, նշեց. «Կալիֆոռնիայի նահանգի Սենատի կողմից Ղարաբաղի ջանքերին` ազատ եւ անկախ պետություն ստեղծելու ուղղությամբ, հայտնած աջակցությունն, իմ կարծիքով, հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժամանակակից պատմության առավել նշանակալի իրողություն` Ադրբեջանի հետ պատերազմում հաղթանակից հետո՝ ղարաբաղցիների կողմից ինքնահռչակման եւ ազատության ու անկախության գաղափարների համար: Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կանխորոշել են Կալիֆոռնիա նահանգի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից Ղարաբաղի վերաբերյալ նման բանաձեւի ընդունումը, եւ դա նախեւառաջ համաչափ է հայկական սփյուռքի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատանքի հետ, բայց ոչ երբեք՝ Լեռնային Ղարաբաղի եւ ղարաբաղյան իշխանությունների հետ, որոնք նման բանաձեւի ընդունման հետ որեւէ կապ չունեն` ԼՂՀ միջազգային ճանաչման ջանքերի առումով»:

Ըստ Կարեն Օհանջանյանի՝ հաջորդ գործոնը կապված է Ադրբեջանի հետ: «Ադրբեջանում ավտորիտար ռեժիմը վերջին շրջանում սկսել է լուրջ հարձակումներ այդ երկրի ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ՝ ձերբակալելով քաղաքացիական հասարակության մի շարք հայտնի առաջնորդների, ինչը չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել միջազգային հանրության մոտ, որոնք ազատության եւ ժողովրդավարության գաղափարների կողմնակից են, եւ վերջապես՝ Ռուսաստանի հետ Ադրբեջանի վերջին շրջանի մերձեցումը հսկայական ռազմավարական եւ գործնական վնաս է հասցնում Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերին, եւ այդ վտանգը սպառնում է եվրոպացի սպառողներին՝ էներգառեսուրսների դիվերսիֆիկացման եւ Ադրբեջանի կոմունիկացիոն հնարավորությունների համար, որոնցից օգտվում են Միացյալ Նահանգներն ու Եվրոպան՝ իրենց ռազմաքաղաքական նպատակներով»,- նշեց ղարաբաղցի իրավապաշտպանը:

Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ Ամերիկայի ամենամեծ նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ ԱՄՆ-ը հստակ ուղերձ է հղել Ադրբեջանին եւ ակնարկել վերոնշյալ պատճառների մասին: Ըստ Օհանջանյանի՝ նրանք «անուղղակիորեն հույս ունեն, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի կողմից նման քայլի պատճառները կգիտակցեն»:
«Դրա հետ մեկտեղ՝ տարբեր երկրների կողմից ԼՂՀ անկախության ճանաչման առիթով ես կցանկանայի հույս հայտնել, որ ինչպես ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, այնպես էլ ԼՂՀ ներկայիս ղեկավարությունը վերջապես կսկսեն աշխատել պարտավորությունների ձեւաչափում, որոնք նրանց շնորհել է մեր ժողովուրդը, եւ ինչպես ժամանակին էր, կսկսեն ֆորպոստ հանդիսանալ բանակցային գործընթացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ եւ կկարողանան մի գեղեցիկ օր միջազգային մակարդակով դե-յուրե ձեւակերպել հայ ժողովրդի պատմական հաղթանակը: Ընդ որում, չմոռանալ, վերջապես ստեղծել Լեռնային Ղարաբաղում իսկապես ժողովրդավարական պետություն` հավասարության, ազատության եւ ազատ տնտեսության հիմքերի վրա»,- նշեց «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի՝ Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգողը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԼՂՀ-ում փուչիկներ ու դհոլ-զուռնա էր Պուտինի կողմից Ղրիմի «անկախության» ճանաչման ժամանակ միայն: Բայց որ Կալիֆոռնիան աշխարհի 8-րդ տնտեսությունն է ու Ռուսաստանից (տնտեսապես) ավելի հզոր նահանգ-պետություն է, սա ԼՂՀ-ի իշխանությունները ու մարդիկ «չգիտեն»: Ռուսաստանից «դաբրո» այս անգամ չկա՞ր դհոլ-զուռնայի: Իսկ հատկապե՛ս ԼՂՀ-ի միջազգայային ճանաչման համար ԼՂՀ իշխանությունները էակա՛ն ոչինչ չեն անում. միայն օդում խոսում են՝ Երևանում գրած թատրոնի սցենարով:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930