Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ հայ գործարարները ծուլանում են, ադրբեջանցիք ռուսական շուկայում ավելի ճկուն են գործում

Սեպտեմբեր 03,2014 15:00

Ռուսական պատժամիջոցները շատ երկրների գործարարների ստիպեցին ոգեւորված քայլեր ձեռնարկել ռուսական շուկայում ընդլայնվելու համար: Իսկ հայկական մի խումբ արտադրողներ չեն ուզում անգամ տեղից շարժվել: Երբ Ռուսաստանում հայտարարվեց ամերիկյան, եվրոպական, կանադական որոշ սննդամթերքի նկատմամբ էմբարգո՝ ներմուծման եւ իրացման արգելք, սկզբում Հայաստանում էլ ոգեւորության ալիք եղավ. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց մի խումբ գործարարների հետ, քննարկեցին, թե ինչ պետք է անել ռուսական շուկա մտնելու համար, իսկ նրանք, ովքեր արդեն այդ շուկայում են, ինչ անել, որպեսզի ընդլայնվեն:

«Առավոտի» հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ ինքն էլ է ներկա եղել այդ հանդիպմանը, բայց առանձնապես ոգեւորություն չի նկատել որոշ գործարարների շրջանում:

«Երբ վարչպետն առաջարկեց սկսել արագ քայլեր ձեռնարկել, որոշ գործարարներ սկսեցին դժգոհել, թե՝ հազար ու մի պրոբլեմ ունենք, ո՞րը լուծենք, սառնարաններ են պետք, այսինչն է պետք, այնինչն է պետք: Բայց դրանք այնպիսի խնդիրներ են, որ ցանկության դեպքում կարելի է միավորվել գործարարներով ու լուծել խնդիրները: Այսինքն՝ նրանք պետք է փող ծախսեն, չարչարվեն, վազվզեն, կան գործարարներ, որոնք շուկայում գլուխ են պահում, դինջ են, մի քիչ էլ «կողքից», «տակից», «վրայից» տարբեր բաներ են անում ու չեն ուզում ավելի աշխատել: Կան գործարարներ, որոնք պետք է լեգալացնեն բիզնեսի մի մասը, ու չեն ուզում դա անել, հետո էլ՝ նրանց ծուլությունից է ամեն ինչ գալիս, ու նաեւ՝ տգիտությունից»,- ասաց պարոն Մակարյանը: Բայց, Մակարյանի ներկայացմամբ, կան գործարարներ, որոնք իսկապես շահագրգռված են եւ ուզում են ռուսական շուկայում մեծ ու հիմնավոր տեղ ունենալ ու ջանքեր են թափում դրա համար. այս տեսակի գործարարներին կառավարության աջակցությունն իսկապես անհրաժեշտ է. «Ես բիզնեսի հոգսը թեթեւացնելու համար վարչապետին ասացի՝ եթե ամեն ինչ թողնենք գործարարի վրա, նրանք պարզապես չեն կարող արագ աշխատել, չեն հասցնի. առաջարկեցի, որ Ռուսաստանի վարչապետի հետ քննարկի մեր ապրանքների քվոտավորման խնդիրներն իրենց շուկայում: Պարզվում է, 2007 թվականին ռուսական սանկցիաների տակ ապրանքներ ունենք՝ բաստուրմա, երշիկեղեն, տարբեր մսամթերքներ, հիմա շուկա է բացվել արտահանելու համար, ուստի այդ սանկցիաների հարցն է պետք լուծել»:
Պարոն Մակարյանի խոսքերով՝ գործարարներ կան, որոնք մտահոգություն ունեն, թե արտադրության ծավալներն ավելացնելուց հետո չեն կարողանա իրացնել, իսկ եթե ռուսական շուկայում մեր ապրանքների քվոտավորման հարցը լուծված լինի, մերոնք էլ հստակ կիմանան, թե որքան պետք է արտադրեն ու իրացնեն:

Մեր այն դիտարկմանը, որ Ռուսաստանը փորձում է նոր գործընկերներ գտնել Հարավային Ամերիկայում եւ այլ երկրներում, արդյոք մերոնք կկարողանա՞ն մրցել կամ կհասցնե՞ն այլ երկրներից շուտ տեղ գրավել ռուսական շուկայում, պարոն Մակարյանն ասաց. «Գիտեք, ռուսաստանցիները հարմարվել են եվրոպական մթերքներին, որոնք որակով, դիզայնով շատ լավն են, իսկ Ռուսաստանի կենտրոնական, խոշոր քաղաքներում ռուսները հարուստ են եւ գերադասում են թանկ ու որակյալ բաներ: Իսկ մերոնք մինչեւ շարժվեն… Իմ համոզմամբ՝ զարգացման հայկական գործակալությունն էլ պետք է շատ արագ աշխատի, գնա շուկաներն ուսումնասիրի, պայմանագրեր կնքի: Օրերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին էի լսում, նա ասաց՝ մեր հարեւան երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, նշեց նաեւ Ադրբեջանի անունը, ու ասաց, որ նրանք կարող են օգնել ռուսական շուկայում պակաս ապրանքները լրացնելու համար, տվեց Լատինական Ամերիկայի անունը, բայց, ցավոք, Հայաստանի անունը չտվեց: Հիմա այնտեղ շատ արգելված ապրանքներ կան, որոնք վերաձեւակերպվել են ադրբեջանական արտադրության անունով, բայց հայկական անունով չկա: Ասենք՝ եվրոպական մթերքները վերաձեւակերպել են ադրբեջանական, բելառուսական անունով: Օրինակ՝ ադրբեջանական լոբի, լեհական խնձորը՝ ադրբեջանական, ուրեմն ադրբեջանական մատակարարներն ավելի ուժեղ են: Ռուսաստանի սպառողը միշտ չէ, որ հասկանում է, թե դրանք վերաձեւակերպված ապրանքներ են, տեսնում են՝ ադրբեջանական ապրանքը միանգամից, արագ հայտնվել է իրենց շուկայում. սա գնորդի հոգեբանության վրա դրական է ազդում, մտածում են՝ ուրեմն լավն է: Այսինքն՝ մերոնք պետք է շատ արագ գործեն, ոչ թե ծուլանան»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930