Օրագիր իմ եւ բոլորի համար
Նոր Նորքի շտապ օգնության հիվադանոց, 1990թ. նոյեմբերի 5: Հարցազրույց «ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐ» գնդի հրամանատար Վրեժ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
-Երբվանի՞ց ես պայքարի մեջ:
-1988թ. օգոստոսի 11-ից: Մինչ այդ Խորհրդային գաղութի կալանավոր էի, Կարաչայի չերքեզներին էի ծեծել, նրանք ուզում էին մեզ ծեծել, որպես հայ ազգի զավակներ: Դատեցին հինգ տարի, երբ դուրս եկա, Ղարաբաղյան շարժումն արդեն սկսվել էր: Ես էլ զենք վերցրի:
Կարդացեք նաև
– Քանի՞ ճակատամարտ ես մղել:
-Ութ: Ոսկեպար, Գետաշեն, Իջեւան, Վարդենիս եւ այլն: Ամենամեծը Նոյեմբերյանի կռիվն էր, երբ խորհրդային բանակին կարողացանք հասկացնել, որ հայ ֆիդային տանկի թրթուռների տակ կմեռնի, բայց իր հողը չի տա օտարին:
-Նոյեմբերյանում ո՞վ առաջինը սկսեց կռիվը:
-Թուրքերը: Նոյեմբերյանի որոշ գյուղեր մտնելու համար, գիտեք, պետք է անցնել թուրքերի ուղեկալով: Եւ ահա, նրանք պատանդ էին վերցրել մի հայ տղայի, վիրավորել 11 տարեկան մի երեխայի: Դրանից հետո վերցրել էին մի ընտանիքի, կնոջը՝ ամուսնու ներկայությամբ բռնաբարել էին, անպատվել: Դա էլ որ իմացանք, որոշեցինք պատժել թուրքերին:
– Կառավարության հետ համաձայնեցվա՞ծ էր:
– Նրանք գիտեին ու լռում էին, չէին ուզում բախում լինի: Երբ շրջկոմի քարտուղարի մոտից զանգեցինք ՆԳ նախարար Գալստյանին, նա ասաց՝ պետք չէ, հետ եկեք: Դրանից հետո 21 հոգի էլ վերցրին, էլ չհամբերեցինք:
-Քեզ հետ ուրիշ խմբեր կայի՞ն:
-Այո, բայց Ոսկեպարի կռիվը ես եմ տարել, իմ ջոկատով: Եւ դա հաղթանակ էր, նրանց զոհերը շատ էին: Մերոնցից՝ 11 սպանված, 24 վիրավոր: Երեքօրյա թեժ կռվից հետո, խորհրդային զորքը մեր դեմ հանեց «Չերեպախա» ուղղաթիռներ, բայց դիմացանք, դիմադրեցինք ոնց պետք էր:
– Թիկունքից պետական օգնություն ստանու՞մ էիք:
-Հակառակը: Առաջին օրը կառավարությունը փակեց բոլոր ճանապարհները, որ ջոկատները մեզ օգնության չգան եւ կռիվը դադարի: Բայց գործողություններն այնպիսի ծավալ էին ընդունել, որ այլեւս հնարավոր չէր կասեցնել: Ոսկեպարը չորս կողմից ռմբակոծվում էր: Երեք օր կարկուտի պես կրակ է թափվել մեզ վրա, բայց քաջաբար դիմադրեցինք, եւ վերջիվերջո իրենք առաջարկեցին բանակցություններ: Հետո իմացանք, որ մեր կառավարությունը դիմել էր Վրաստանում տեղակայված 8-րդ գնդին, որ մեզ ոչնչացնի: Մեզ հետ էին «ՀԱԲ»-ը, «Սասունցի Դավիթ»-ը, Հրազդանի ջոկատները, «Արաբոյից» երեք, Աբելանց ջոկատի 6-7 տղաներ: 24 հոգով էինք, Բաղանիսում ու Ոսկեպարում, նրանք՝ 500, 3-րդ օրը կառավարությունը միայն զինամթերքով օգնեց:
-Վազգենի հետ ինչ հարաբերությունների մեջ ես:
– Շատ լավ: Ես նրանց հետ սկսել եմ շարժումը: Բայց նրանք գնացին ուրիշ ճանապարհով, նրանք մոռացան Ղարաբաղը, Ազատն ու Կամոն նրանք հանձնեցին: Ստացած սնունդը պահեստներում փթում է, չեն էլ վստահում նրանց, ովքեր քաջաբար անցնում են սահմանը: Իգոր Մուրադյանը իր վրա վերցրեց այդ գյուղերի անվտանգությունը, բայց չկատարեց իր խոստումը: Եվ երբ ժողովուրդը տեղահան եղավ, սկսեցին հալածել, թե՝ հետ գնացեք: Եթե դու ժողովրդին չես պաշտպանել, իրավունք չունես հետ ուղարկելու, եթե պաշտպանեիր, տեղահան չէր լինի:
-Ճի՞շտ էր ինքնապաշտպանական ջոկատների զինաթափումը:
– Ոչ: Առավելապես՝ «ՀԱԲ»-ի զինաթափումը այդ եղանակով ճակատագրական լուրջ սխալ էր, որն առիթ տվեց թուրքերին աշխուժանալ թե Ղարաբաղում, թե Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Միայն Կրասնիից, Մարտունի-Վարդենիս, ուր ես եմ կանգնել, ռիսկ չեն անում, գիտեն, որ Քելբաջարի շրջանը հիմնահատակ կանեմ: Ես միշտ մերոնց առաջարկել եմ այդպիսի մի ակցիա անել. իմ կողմից խփեմ, որ թուրքերը մի քիչ սուս մնան: Գազը երբ կտրեցին, ես առաջարկեցի Ղազախը կտրել ջրից, պայթեցնեմ ողջ ջրային համակարգը,նրանց թողնեմ առանց խմելու ջրի: Չթողեցին, սրանց հարմար է, որ ժողովրդին վախի մեջ պահեն: Երասխի կռվին Նախիջեւանը մեջտեղից հանելու իրական հնարավորություն կար, էլի չթողեցին: Մերոնք հեռավոր փափագ ունեն Թուրքիայի հետ տնտեսական պայմանագիր կնքելու, մոռանալով արյան թշնամությունը:
-«ՀԱԲ»-ի զինաթափման օրը դու պիտի գայիր օգնության: Ռազմիկը, Վարդանը սպասում էին քեզ: Ես էլ էի կապի մեջ, լսում էի ձեր խոսակցությունը: Գծի մեջ էիր դու, Ռազմիկը, Վազգենը, Մայիսը:
-Զորավար Անդրանիկը թնդանոթները դրեց, որ Երեւանը ռմբակոծի, ձեռքը չգնաց, սիրտը լցվեց, թողեց, հետ գնաց: Նույն բանն էստեղ էր կատարվում: Ռացիայով հարցնում եմ՝ դուք կռվելու ե՞ք: Ռազմիկը, թե՝ հա: Վազգենը էն ծայրից գոռում է՝ սուտ է, Վրեժ, Վիտյային ու Չաուշին են մենակ սպանել: Հարցնում եմ՝ ո՞վ: Մայիսը պատասխանում է՝ մենք Չաուշին չենք սպանել, նա սպանվել է մեր շենքից շատ հեռու: Շենքը շրջապատված է զրահատեխնիկայով ու կռիվը պիտի սկսենք: Ասում եմ՝ որ գամ, կրակելու եմ; Ասում են՝ արի: Նորից հարց եմ տալիս՝ ու՞մ վրա եմ կրակելու, գիտե՞ք: Կրակելու եմ հայ ժողովրդի վրա: Ես հո չէի գնալու ավտոմատվ կրակեի: Ես կրակելու էի հրանոթներից ու կատյուշաներից: Իմ տեխնիկան պիտի դնեի Աբովյան քաղաքի հրապարակում ու ռմբակոծեի Երեւանը: Սպասողական վիճակն ու ճիշտ հաշվարկը փրկեցին մեզ մարդկային զոհեր ունենալուց: Բայց Հայոց ազգային բանակը իրավունք չուներ ազգի առաջ, այսպես անպատիվ ձեւով զենքը վայր դնել: Չէ՞ որ նրա շարքերում հարյուրավոր ազնիվ, նվիրված տղաներ կան: Սա պետք է հասկանային մեր պետության ղեկավարները:
– Ինչ պատմություն էր՝ կապված Վեհարան զենքով մտնելու հետ:
-Այն, ինչ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց միտինգում, սուտ է: Մեր ջոկատը ստացավ Վեհափառի օրհնությունը. դա ՀՀՇ-ն չէր կարող մարսել: Հերյուրանքներ տարածեց, որ իբր զենքով ենք մուտք գործել Վեհարան: Ես կատաղած գրավեցի հեռուստատեսությունը. դա իսկական հեղաշրջում էր, բայց ես չգնացի դրան. երկու տարի ժողովուրդը պայքարել, ընտրել է իր կառավարությունը, նրան պետք չէր խանգարել: Մինչդեռ, ՀՀՇ-ն անցնելով իշխանության գլուխ, մոռացավ բոլոր նրանց, ովքեր զորակցեցին շարժմանը, արհամարհեցին իրենց թիկունքն ու առաջխաղացումը կյանքի թանկ գնով պաշտպանող ֆիդայուն ու մտավորականին:
-Այս ամբողջ աղմուկի մեջ Արցախն է մնում առկախ:
-Արցախը կփրկվի, եթե երկրորդ ճակատ բացվի: Լաչինով կամ Քելբաջարով: Այս տարի 60 հազար հեկտար արոտավայր չեմ թողել թուրքերն օգտագործեն: Դա մեր հողն էր: 1927-ին մեր խելոք ղեկավարները այդ արոտավայրերը տվել էին նրանց՝ որպես ամառային արոտատեղ՝ առանց շինարարության իրավունքի: Ալա Գյոլեր, էդպես է կոչվում այդ տարածքը: Երեք միլիոն գլուխ անասուն՝ Լաչինից ու Ղազախից, ամեն տարի բերում էին այնտեղ արածացնելու: Այս տարի չթողեցի բերեն, հիվանդություն ընկավ մեջները, բոլորը կոտորվեցին: Ամռանն էլ ուզում էի իրենց ջուրը կտրել, որ երաշտից մեռնեն, մեր խելոքները չթողեցին: Ասում էին՝ գազը կկտրեն: Ես ասում էի՝ ոչինչ, ամառ է, կդիմանանք, իսկ թուրքը չորային տարի կանցկացնի ու բլոկադա չի անի: Կտրեցի Ղազախի ողջ ոռոգելի համակարգը, եւ Իջեւանի գազը նորմալ տալիս էին: Մեր ռազմական ուժերի ղեկավարը նաեւ այդ մասին պետք է մտածի:
-Վազգենը գուցե հմուտ ռազմագետ չէ, բայց նվիրված է իր գործին:
-Վազգենը պետք է գրիչը վերցնի ու գրի մեր նման տղերքի մասին: Դա է իր գործը: Մի օրինակ բերեմ, դուք եզրակացրեք: Մեղրիում ձերբակալում ենք մուսուլմանական բանդա՝ ապաչիների կերպարանքով: Վաղուց էինք հետեւում, չէր ստացվում: Զանգում ենք Ղափան, որ ոչ մի գնացք բաց չթողնեն, որպեսզի մեզնից ոչ մի պատանդ չվերցնեն: Կայարանի պետը զեկուցում է պառլամենտ, Վազգենը կարգադրում է բաց թողնել: Նախիջեւանում մերոնց պատանդ են վերցնում՝ 15 մարդ: Գոգան գնում է Երեւան՝ պարզելու, թե ո՞վ է հրաման տվել, դեմը ՆԳ ջոկատ են հանում, որ տղերքին բռնեն: Վազգենը գալիս է Ղափան, համոզում ժողովրդին, որ բաց թողնեն ապաչիներին, այլապես մեր 15 հոգուն թուրքը ետ չի տա: Ստիպված էդ բանդային բաց ենք թողնում: Եթե էդպես պիտի պայքարենք, էլ Վրեժը ինչու՞ է կռվում, դա ի՞նչ խաբեբայություն է: Կամ ինչու՞ մինչեւ ատամները զինված մեր պառլամենտի զորքը չի պաշտպանում սահմանները: Էս Վարդենիսի կռիվն էլ ՀՀՇ-ն խորամանկորեն սարքեց, որ ես չհասնեմ Գորիս, էնտեղ պատերազմ է, ես էստեղ պառկած, սիրտս տրաքում է:
– Ասում են՝ ջոկատները թալանում են ժողովրդին:
– Իմոնք մի լուցկու հատիկ եթե վերցնեն ժողովրդից, կգնդակահարվեն: Երեք այդպիսի փորձ ունենք: Դա ՀՀՇ-ի տարածած սուտն է, ինչպես Վեհարան զենքով մտնելու հերյուրանքը: Մերոնք կնքված, օրհնված են Վեհափառի կողմից: Այս ամենը ժողովրդի աչքին վարկաբեկելու փորձ է, ՀՀՇ-ի հետ առճակատման գնալու նպատակ, մենք այդ սադրանքին չգնացինք գիտակցաբար:
-Ինչու՞ չես մտնում պետական զորամիավորման մեջ:
-Ես ազգի զինվոր եմ, ոչ թե պառլամենտի, էդ պառլամենտում էսօր ՀՀՇ-ն է, վաղը ուրիշ քաղաքական միավոր կարող է լինել: Ես իրենց հետ տարաձայնություն չունեմ, դա ժողովրդի ընտրած իշխանությունն է, իմը զենքն է ու իմ երկրի սահմանը: Թող բարեհաճեն մեկ-մեկ էլ մեզ հետ խորհրդակցեն, մեր մեջ էլ խելոք մարդիկ շատ կան:
Արյան վերջին կաթիլի գնով ճանապարհ պիտի բացեմ դեպի Ղարաբաղ: Ժողովուրդը քոչում է, չի կարելի հենց էնպես նայել այդ փաստին:Հայաստանի նախագահ կարող է լինել միայն Սուրեն Հարությունյանը՝ իր հին կապերով, նրան է պետք ընտրել, մինչեւ սփյուռքից գա մեր ազգի իսկական կուսակցությունը՝ դաշնակցությունը ու իր ձեռքը վերցնի ամեն ինչ: Սա կլինի փրկությունը:
-Ղարաբաղ ճանապարհ բացել, նշանակում է առճակատում խորհրդային զորքի հետ: Սովետաշենի դեպքերը հատկապես քեզ համար դաս պիտի լինեն: Պարզեցի՞ք կազմակերպիչներն ովքեր են:
-Իհարկե: Ասեմ: Մայիսի 26-ին եղանք Վլադիմիր Մովսիսյանի մոտ:
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ, ՊՐԱՀԱ
Շարունակելի
«Առավոտ» օրաթերթ
02.09.2014