Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղի աշակերտների եւ ուսուցիչների կարծիքն անտեսված է»

Սեպտեմբեր 03,2014 14:00

Սերոբ Խաչատրյանի «Կամուրջներ՝ պատերի փոխարեն» գիրքը՝
մինչ այժմ չասվածի մասին

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գիրք է հրատարակել՝ «Կամուրջներ՝ պատերի փոխարեն» վերնագրով:

Գրքի երեւանյան շնորհանդեսը կկայանա այս ուրբաթ օրը Ավ. Իսահակյանի անվան գրադարանում: Գիրքը կներկայացվի նաեւ Գյումրիում, Արմավիրում եւ Վանաձորում:
«Գիրքը գրելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ սկսեցի գյուղերի երեխաների եւ ուսուցիչների հետ աշխատել եւ նկատեցի, որ թե՛ երեխաների եւ թե՛ ուսուցիչների ձայնն այնքան էլ լսելի չէ, որովհետեւ իրենք սովորաբար գրքեր չեն գրում, եւ նրանց տեսանկյունը մի տեսակ կրթական համակարգում անտեսված է: Նախ դա մղեց, որ գիրք գրեմ: Մի անգամ հանդիպեցի մի երեխայի հետ, որը գյուղում էր ապրում: Նա ասում էր, որ ուզում է ճամբար գնա, որպեսզի մեծանալուց հետո իր մանկության մասին հիշելու բան ունենա… Իսկապես շա՜տ ազդեցիկ էր այդ ամենը: Դրանից հետո որոշեցի, որ պետք է անպայման գիրք գրել, որտեղ անդրադարձ կլինի կրթության հարցերին երեխաների եւ ուսուցիչների տեսանկյունից»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց հեղինակը: Նա հավելեց, որ գրքի հրատարակմանն աջակցել է Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտեն:
Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ որպես մարզերի ուսուցիչների եւ աշակերտների հետ աշխատած փորձագետ, 10 միավորանոց համակարգով գնահատելու դեպքում, որքա՞ն կգնահատեր այնտեղ մատուցվող կրթության որակը:

«Շատ դժվար է միանշանակ ասել, որովհետեւ մարզերում ունենք շատ լավ ուսուցիչներ, որոնց մատուցած ծառայությունները հաճախ ավելի բարձր են, քան Երեւանում, եւ ես նույնիսկ 10 կգնահատեի: Անշուշտ մարզերում կան հետաքրքիր ուսուցիչներ՝ ե՛ւ երիտասարդ, ե՛ւ միջին, ե՛ւ ավագ սերնդի, որոնք շատ բարձր ծառայություններ են մատուցում, բայց նրանց կողքին կան նաեւ թույլ ուսուցիչներ: Այս առումով գյուղերում ամեն ինչ ավելի բեւեռացված է»,- պատասխանեց նա:

Սերոբ Խաչատրյանը անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչ ուղերձ ունի իր գիրքը: «Այս գրքով ցանկանում եմ մի քանի հարց առաջադրել, առաջինը՝ փորձում եմ ցույց տալ, թե ինչպես է աշխատում կրթական համակարգը՝ որպես հասարակության մի ոլորտ: Մենք շատ հաճախ կրթության ոլորտում տեսնում ենք սառցաբեկորի միայն երեւացող մասը, մինչդեռ ջրի տակ գտնվող մեխանիզմները եւս պետք է տեսնել: Այս գրքով հենց այդ մեխանիզմներն եմ ուզում ցույց տալ: Մյուս կարեւոր ուղերձն այն է, որ այս գրքում անդրադառնում եմ որոշ ոլորտների, օրինակ՝ առողջապահություն, այգեգործություն եւ այլն, որոնցից կրթության համակարգը սովորելու բան ունի: Մինչդեռ մեզանում ընդունված է, թե կրթության համակարգը պետք է սովորեցնի, բայց ես կարեւորում եմ այն, որ կրթական համակարգը պետք է ուշադիր նայի, թե կյանքի այլ ոլորտներում ի՞նչ հետաքրքիր բաներ կան, որոնք կարելի է ներդնել կրթական համակարգում: Նկատի ունեմ, որ, օրինակ, ոչ թե առողջապահությունը առարկա դարձնենք, այլ նայենք, թե առողջապահության մեջ ի՞նչ տեխնոլոգիաներ կան, որոնք լավ են աշխատում, կարելի է ներդնել կրթության համակարգում: Գրքի երկրորդ բաժինը ուսուցիչների եւ վերապատրաստողների համար է, ներկայացված են մտածելու, երեխաների հետ աշխատելու ձեւեր ու մանկավարժական այնպիսի մեդոթներ, որոնց մասին Հայաստանում առաջին անգամ է տպագրվում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930