Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի
Հասմիկ Թորոսյանը կատարելագործվել է Իտալիայում
Իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ալբերտո Ձեդդան 35 տարի առաջ իր համերկրացի անվանի կոմպոզիտոր Ռոսսինիի ծննդավայրում՝ Պեզարոյում, հիմնեց «Ռոսսինի- Օպերա- Ֆեստիվալ» փառատոնը: Նպատակը մեկն էր. տարբեր երկրներից հրավիրված օպերային երգիչների եւ դիրիժորների մատուցմամբ հնչեցնել Ռոսսինիի երաժշտությունը: 25 տարի առաջ էլ մաեստրո Ձեդդան նույն վայրում հիմնեց «Ռոսսինիանա ակադեմիան», որտեղ նախնական լսումների արդյունքում տարբեր երկրներից ընտրված երիտասարդ օպերային երգիչներն ու դիրիժորները ամռան մեկ ամիսը իրավունք են ստանում մաեստրոյի եւ բարձրակարգ այլ մասնագետների ղեկավարությամբ մասնակցել պարապմունքներին, ավարտից հետո հանդես գալ որեւէ դերերգով կամ ղեկավարել կոմպոզիտորի որեւէ օպերային ներկայացում: Հիշյալ փառատոնին մասնակցելու եւ ակադեմիայում ուսանելու պատիվ է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Դավիթ Բաբայանցը (բարիտոն): Վերջերս էլ նման բախտի արժանացավ օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը (սոպրանո):
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երգչուհին ասաց, որ այս տարի նպատակադրվել էր ուսանելու «Ռոսսինիանա ակադեմիայում»: Հետո էլ մանրամասնեց. «Այդ նպատակով մարտին մեկնեցի Իտալիա՝ լսումների: Տարբեր երկրներից ժամանել էին 270 երիտասարդ օպերային երգիչներ: Մասնակցելուց հետո վերադարձա հայրենիք: Մասնակիցների թիվն այնքան մեծ էր, որ, ճիշտն ասած, հույսս կորցրել էի: Սակայն ապրիլին ստացա հրավեր, այնտեղ նշված էր, որ, եթե համաձայն եմ մասնակցել ակադեմիայի պարապմունքներին, պետք է պատրաստեմ Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայից 3 դերերգ: Ակադեմիայում մեզ հետ դասաժամերն անցկացնում էր ոչ միայն մաեստրո Ձեդդան, այլեւ հրավիրյալ այլ մասնագետներ, այդ թվում՝ անվանի դիրիժոր Ջանֆրանկո Մարիոտտին, որը «Ռոսսինի-Օպերա-Ֆեստիվալ» փառատոնի կազմկոմիտեի ղեկավարն է: Մեծ էր ուրախությունս, երբ ուսումս ավարտելուց հետո՝ հենց մաեստրո Ձեդդան ընտրեց ինձ «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերային ներկայացման առաջին կազմում, գլխավոր՝ Կորինայի դերերգի համար»:
«Ռոսսինի-Օպերա-Ֆեստիվալ» փառատոնին, որը հաճախ անվանում են էլիտարը՝ իտալական ամառային միջոցառումներից, նոր ձայների հետ պայմանագիր կնքելու նպատակով աշխարհից ժամանում են իմպրեսարիոներ: Արդյոք երգչուհին ստացե՞լ է որեւէ իմպրեսարիոյի հետ համագործակցության առաջարկ: Մեր այս հարցին Հասմիկ Թորոսյանը պատասխանեց, որ եթե որեւէ արտիստ արժանանում է մաեստրո Ձեդդայի ուշադրությանն ու բարձր գնահատականին, ապա դա բարձր նշաձող է հանդիսանում յուրաքանչյուր իմպրեսարիոյի կամ մենեջերի համար: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե հնարավո՞ր է ամենամոտ ապագայում Երեւանի օպերային թատրոնում, որի մեներգչուհին է 2011-ից եւ հանդես է գալիս միայն Անուշի դերերգով, այլեւս չհանդիպենք իրեն, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ո՞վ չի ուզում իր տանը բեմ բարձրանալ, սակայն միայն սեփական ցանկությունը բավարար չէ…»: Հավելենք, որ Հասմիկ Թորոսյանը 2013թ. համարյա կես տարի ընդմիջումներով Մեծ Բրիտանիայի Գլայնդենբուրնի օպերային թատրոնում գլխավոր դերերգերով հանդես է եկել Դոնիցետիի «ԴոՆ Պասկուալե» եւ «Սիրո ըմպելիք» օպերաներում, իսկ ավելի վաղ ԱՄՆ-ում՝ Մինեսոտա նահանգում կայացած «Հյուսիսային լույսեր» միջազգային փառատոնում հանդես է եկել Նեդայի դերերգով՝ Լեոնկավալոյի «Պայացներում»:Ի միջիայլոց, 2008թ. Գոհար Գասպարյանի անվան հանրապետական, 2010թ. Մոսկվայում կայացած «Bella Voce», 2011-ին Հռոմում «Musica Sacra» մրցույթների առաջին մրցանակակիր, 2010-ին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանացած երգչուհուն, ինչպես եւ բարիտոն Դավիթ Բաբայանցին եւս «չհանդիպեցինք» օպերային թատրոնի կայքում: Նա էլ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ է 2005 թվականից:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Երգչուհին՝ Կորինայի կերպարում:
«Առավոտ» օրաթերթ
02.09.2014