Սեպտեմբերի 1-ին Ն,Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ հայրապետն օրհնել է կրթության ոլորտի աշխատողներին: ԿԳ նախարարը, ԱԺ նախագահը եւ այլք շնորհավորանքներ են հղել նոր ուսումնական տարվա առիթով, սակայն շնորհավորանքներին զուգահեռ անտարբերության են մատնվել մի խումբ առաջին դասարանցիներ, ոլորտի աշխատակիցներ: Օրինակ, Երեւանի թիվ 27 դպրոցը սեպտեմբերի մեկը նշեց ոչ այնպես՝ ինչպես մյուսները: Հավանաբար տնօրեն չունենալու պատճառով էր, որ հանրակրթական ուսումնական այս հաստատության սաներին դպրոցի բակում դիմավորում էին հավաքարարներն՝ իրենց երկար ավելներով, մինչդեռ՝ նախկինում այս դպրոցում սեպտեմբերի մեկը նշվում էր երգ ու պարով: Չէին հասցրել մաքրել դպրոցի բակը, թե՞ հանձնարարող չէր եղել՝ պարզ չէ: Անհրապույր էր սեպտեմբերի մեկը հատկապես առաջին դասարանի աշակերտների համար, որոնց համար դպրոցը տպավորվելու է այդ տեսարանով: Իմիջիայլոց, Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի առաջ հետիոտների համար նախատեսված դեղին գծերը ասֆալտապատումից հետո այլեւս գոյություն չունեն, մինչդեռ այս օրերին թարմացվում են բոլոր դպրոցամերձ փողոցների հետիոտնների համար նախատեսված գծերը: Դպրոցի առաջ երկու ոստիկան էին կանգնած, որոնք կարծես միմյանց վրա էին գցում պարտականությունը, թե ո՞վ պետք է կանգնեցնի ավտոմեքենաները, որպեսզի երեխաներն անցնեն:
Հիշեցնենք, որ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար օգոստոսի 1-ին կայացած մրցույթի արդյունքներն անվավեր էին ճանաչվել: Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ՝ Գայանե Սողոմոնյանը: Մրցույթին մասնակցել էր նաեւ համաներմամբ պատժից ազատված՝ նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը (լուսանկարում), ընդ որում մրցույթային հանձնաժողովի 6 անդամներից 4-ը ընտրել էր հենց նրան: Եվ սա այն դեպքում, երբ «Հանրակրթության մասինե ՀՀ օրենքն արգելում է ուսումնական հաստատության տնօրեն ընտրվել կամ առաջադրվել այն անձին, որը դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Քանի որ 27 դպրոցում սեպտեմբերմեկյան աժիոտաժ էր, որեւէ մեկից հնարավոր չեղավ մեկնաբանություններ ստանալ: Պատրաստ ենք տպագրել նաեւ դպրոցի տեսակետը:
Լուսանկարում` Դպրոցի դիմաց հետիոտնի համար նախատեսված գծանշումները բացակայում են:
«Առավոտ» օրաթերթ
02.09.2014
Արտաշիսյան փողոցում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում , իսկ դպրոցը հիանալի կերպով նշեց սեպտեմբեի 1-ը: Հերիք դպրոցի անվան հետ խաղաք…
Պարզ երևում է ում պավերնեք կատարում
Մոդերատորներին: Ինձ թվում է, այս մեկնաբանությունը պարունակում է վիրավարանք: Խնդրում եմ հետագայում հաշվի առնել: