Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում մեկնարկեց «Խաղաղություն, միասնություն եւ համերաշխություն» երթը: Երթի մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պողոտայով մինչեւ Երեւանի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
Երթին մասնակցում էին «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության անդամները, խաղաղապահ խումբը, հոգեւորականներ, այն ընթանում էր Պաշտպանության նախարարության նվագախմբի ուղեկցությամբ: Ս. Սարգիս եկեղեցում ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կատարեց հոգեհանգստի կարգն՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողներին եւ Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղականների կողմից սպանված ժողովրդի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
«Երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երթն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղության եւ համերաշխության գաղափարի շուրջ համախմբելու նպատակը: Նա նշեց, որ երթի հիմքում կա կանխարգելում պատերազմին եւ զորակցություն հայկական բանակին եւ Իրաքի հյուսիսում սպանվող ժողովրդին. «Տարածաշրջանում գիտենք, որ փխրուն խաղաղություն է՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, եւ մենք ամեն անգամ տեսնում ենք հայ զինվորի մահը, մեզ համար մեկ կորուստ անգամ մեծ կորուստ է: Եվ այդ գիտակցությունը մեր ներուժի եւ զորակցությունը մեր բանակին, կարծում ենք, կանխարգելիչ քայլ կարող է հանդիսանալ: Խաղաղության կոչով մենք դիմել ենք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, տարածաշրջանի երկրների եւ շատ այլ պետությունների դեսպանություններին, որոնք տարածաշրջանում ազդեցություն ունեն, որպեսզի այս պատերազմական գործողությունը կանխարգելվի: Պատերազմում ոչ մի կողմ չի շահելու, մենք հաղթող սերնդի զավակներն ենք, եւ ամեն դեպքում, ոչ թե վախենալով խաղաղության կողմնակիցն ենք, այլ խաղաղությունը գնահատելով հաղթող պետությանը, հաղթող բանակին մեր զորակցությունն ենք հայտնում»:
Հոգեհանգստի արարողությունից հետո՝ երթի մասնակիցները սգո պար պարեցին եկեղեցու բակում: Երթն ավարտվեց Եռաբլուրում, որտեղ երիտասարդները խոնարհվեցին այն մարդկանց առաջ, որոնք թե՛ արցախյան գոյամարտում, թե՛ վերջին շրջանում իրենց կյանքն են տվել հայրենիքի համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ