Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն Aravot.am-ի տեղեկություններով, առաջիկայում կստանձնի Լեհաստանում ՀՀ դեսպանի պարտականությունները:
«Հրապարակ» օրաթերթն այսօր տեղեկացրել էր, որ առաջիկա հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվելու է մարզպետի հրաժարականը: Երեկ նա արդեն աշխատանքի չէր գնացել, իսկ արտաքին գործերի նախարարությունում զբաղված են Էդգար Ղազարյանի համար մի «հարմար» եվրոպական երկիր փնտրելով, որ դեսպան ուղարկեն:
Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ նոտա է հղել Լեհաստանին`Ղազարյանին դեսպան նշանակելու մասին: Լեհական կողմը դրական է արձագանքել:
Էդգար Ղազարյանի պաշտոնանկությունը մամուլում բացատրվում է նրանով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնամու` Գագիկ Ծառուկյանի «վրեժն» է լուծում: Էդգար Ղազարյանի եւ ԲՀԿ-ի հարաբերությունները լարված էին դեռ Եղեգնաձորի քաղաքապետի ընտրություններից, երբ ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հաղթեց ՀՀԿ-ական քաղաքապետին, որին անցկացնելու համար Էդգար Ղազարյանը ջանք չէր խնայում: Այնուհետեւ, խորհրդարանական քարոզարշավի ժամանակ մարզպետը տեղացիներին կոչ է արել ԲՀԿ-ին ձայն չտալ` հիմնավորելով. «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին, ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 ջիպերով կընկնեն ետեւից կգան, դեմը կկանգեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»:
Կարդացեք նաև
Սրան ի պատասխան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել էր. «Այս 4 ամիսների ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է, որին ասում են՝ «ծիրանի ցոգոլ»: Թե երբ պիտի հասնի՝ ես չգիտեմ»:
Այս հրապարակումից հետո Էդգար Ղազարյանը News.am-ին տված հարցազրույցում հերքել էր իր հրաժարականի մասին լուրերը. «Ես աշխատում եմ իմ լիազորությունների ողջ ծավալով, ոգեւորվածությամբ եւ ռեժիմով»:
Ու պարզաբանելով, թե ինչու երեկ աշխատանքի չի ներկայացել, Էդգար Ղազարյանը պատմել էր, որ երեկ եղել է Վայոց Ձորի մարզի 6 դպրոցներում, շնորհավորել նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ