Լրահոս
Օրվա լրահոսը

Զիմբաբվեից բյուջեի հաշվին $462 հազարով մարդ են վարձել, որ հայերին ծիրան աճեցնել սովորեցնի

Սեպտեմբեր 02,2014 21:01

Այսօր ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները զարմացել էին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունից հետո: ՀՀԿ պատգամավորներ Գագիկ Մինասյանի ու Խոսրով Հարությունյանի հավատը չէր գալիս, թե ինչպե՞ս կարող էին այդքան «ատկատ» անել:

Մասնավորապես գյուղական ենթակառուցվածքներ ծրագրին անդրադառնալով՝ Իշխան Զաքարյանը մի ժանգոտ, ավիրված գազատար խողովակի լուսանկար ցույց տվեց ու ասաց. «Այդ ծրագրի նպատակն էր, որ անապահով համայնքների համար, որոնք չունեին գազ, ջուր, գազիֆիկացվեին, ջուր ունենային: Սա մայր գազատար խողովակի լուսանկարն է, այս գազատարին պիտի միանային համայնքները: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի եզրին է: Մայր գազատարը քայքայված է, անպիտան, խողովակները՝ տարբեր տրամաչափի, խողովակների մեծ մասը ծակ, փչացած, քայքայված: Նույնիսկ եռակցումները, որ արել էին, երեւում էր, որ դրանք տարբեր տրամաչափի խողովակներ էին: 613 մլն դրամ էին ծախսել: Ո՞նց է լինելու այդ ծախսված գումարների հարցը: Մենք առաջարկելու ենք այդ խնդիրը տալ դատախազություն, կա հարուցված քրեական գործ»:

Խոսրով Հարությունյանը զարմացավ. «Ո՞նց կլինի այդպիսի բան, պետք է սա ճշտվի»:

Իշխան Զաքարյանը վստահեցրեց. «Սա ճշտված է: Այս գազատարը կառուցել է մարզպետարանը, պիտի գնար «ՀայՌուսգազարդի» բալանսի վրա: Բայց «ՀայՌուսգազարդը» պաշտոնապես հրաժարվել է սա ընդունել, համարել է անորակ: Եթե նույնիսկ «ՀայՌուսգազարդը» սա չի ընդունում, բա  ԾԻԳ-ը էս ամեն ինչը տեսնելով, ուսումնասիրելով, ինչի՞ է այս ծրագիրը սկսել, ինչի՞ համար է 613 մլն դրամը ծախսել: Մարդիկ էլի գազ չունեն»:

Գյուղական ենթավարկերի եւ գյուղատնտեսական ներդրումների ծրագրերում ՎՊ-ն նույնպես բազմաթիվ խախտումներ էր գտել: Իշխան Զաքարյանը օրինակ բերեց. «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել է ծրագիր ու ասել, որ 900 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Դրանք ունեն բարձր ծնելիություն, բարձր մսատվություն, բարձր կաթնատվություն եւ բրդատվություն: Գումար է վերցնում 150 մլն դրամ, պետությունն էլ 30 տոկոս շահաբաժնով պարտնյոր է դառնում: Բայց ինչ է պարզվում՝ ՊԵԿ-ը մեզ տեղեկատվություն է տալիս, որ 2012-2013-ին ընդհանրապես ՀՀ «էդիլբաեւ» տեսակի ոչխար չի ներմուծվել ոչ մի ընկերության կողմից: Պարզվում է, որ այդ գումարով Աշտարակում առել են 235 գլուխ տեղական գառներ ու վերջ, ուրիշ բան չկա»:

Իշխան Զաքարյանը խոսեց նաեւ «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրությանը» ծրագրի չարաշահումների մասին: Այդ ծրագրի նպատակն էր աղքատ եւ փոքր  սեփականատերերին հայկական մրգի, պտղի արտադրության մեջ ներգրավելով՝ նպաստել նրանց ունեցվածքի մեծացմանը: Այն իրականացնում է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն, որը պետական է. «Ստուգելով՝ մենք տեսել ենք, որ 700 հա ծիրանի այգու փոխարեն 4 հա նեկտարենու պայմանագիր է կնքել՝ Տավուշի մարզում: Այնուհետեւ Իտալիայից ձեռք են բերել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացուներ՝ 16.5 մլն դրամով: Այնուհետեւ վարձել են իտալացի փորձագետ, որը պիտի կատարեր այդ պատվաստումը: Վերահսկողությամբ պարզել ենք, որ այդ 10 հազար պատվաստացուն 100 տոկոսով փչացել է: Այնուհետեւ Արագածոտնից գնել են եւս 10 հազար պատվաստակալ, 2.5 մլն էլ դրան են տվել, որ փչացած պատվաստացուները պահպանեն: Արդյունքում  չհաջողված պատվաստման համար 24.6 մլն ծախս են արել, անարդյունավետ է եղել»:

«Սա հանցագործություն է»,- ապշած արձագանքեց Խոսրով Հարությունյանը:

Իշխան Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ այդ նույն պետական «Հայկական միրգ» ընկերությունը ծիրանի, դեղձի այգիներ հիմնելու համար կնքել է եւս մեկ պայմանագիր Զիմբաբվեում գրանցված մի ընկերության հետ եւ 462 հազար ԱՄՆ դոլար են տվել, որպեսզի այդ ընկերությունը հայերին սովորեցնի ծիրանի եւ դեղձի արտադրության մեխանիզմներ: Ստուգման պահին արդեն 292 հազար դոլար վճարել էին: Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ ամբողջ ծրագիրը 13 մլն դոլար արժողություն ունի:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Զաքարյան Ձեր կառույցի կողմից հայտնաբերված օրինախախտումներով որևէ մեկը օրենքով սահմանված կարգով պատասխան չի տալիս, ավելին ինքներդ լավ գիտեք, որ վնասի վերականգնումը պաշտոնատար անձին կամ անհատին չի ազատում քրեական կամ վարչական պատասխանատվությունից: Այնպես որ, Ձեր կառույցն առավել ծանր հանցագործություն է կատարում, պարտակելով կամ թաքցնելով արդեն իսկ հայտնաբերված օրինախախտումները, կամ Դուք դերերը շփոթել ու Ձեզ Տիրոջ տեղն եք դրել: Ինչ վերաբերվում է այդ զարմացող պատգամավորներին, ապա նրանց կառաջարկենք ծանոթանալ Ձեր կառույցի կողմից Տավուշի մարզում իրականացված ստուգումների արդյունքներին ու արդյունքներով կայացված որոշումներին: Երևի թե ստուգումների արդյունքները նպաստեցին, որպեսզի «ատկատների» վարպետ Արմեն Ղուլարյանին նշանակեն փոխնախարար: Ամոթ է, գուցե ավելի ճիշտ կլինի վերջ տաք ձեր ամպագոռգոռ և անիմաստ հայտարարություններին?:

  2. Լիլիթ says:

    Պետությունը ՍՊԸ-ի է վերածվել: “Տնօրենի” գլխավորությամբ ակտակները գնում ու գնում են:

  3. Կարո Մելիքյան says:

    Այստեղ էն ասել՝ՀԻՄԱՐ ԳԼԽԻ պատճառով ոտքերն էն տառապում։

  4. Հասմիկ says:

    Արդեն զարմանալի չի ոչ մի բան: Այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Եվ ի՞նչ ենք անելու:

  5. Ռիմա says:

    Մոզամբիկից առաջարկներ չկա՞ն դեռ

  6. Մեսրոպ Թումանյան says:

    Ես սխալ եմ համարում այս տիպի հոդվածներ տպագրելը: Խոսքը՝ բանավոր կամ գրավոր, Հայաստանի Հանրապետությունում դեր չի կատարում: Ամեն ինչ ասված է, ամեն ինչ գրված է: Ազատությունը, ընդամենը, ասելու մեջ է, երկրից հեռանալու, ծեծվելու, էլի շատ ու շատ բաների, որ Երկրի կյանքում ոչինչ չեն փոխում ու չեն էլ փոխելու: Ինչ ուզում եք ասեք, սրանք իրենցն են անում: Սրանցից պրծում չկա: Սրանք մեր Երկրի չարորակ ուռուցքն են, սրանք եթե չվերանան, թաղելու են Հայաստանը: Սրանց ասելը օգուտ չունի, որովհետև սրանք թալեաթի թոռներն են: Դուք դեռ չե՞ք համոզվել, որ սրանք հայ չեն:
    Այս տեսակ հոդվածներ մի տպագրեք, օգուտ չունի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930