Հայաստանում սիրիահայերի կարիքները հոգալու համար կազմակերպված «Կանգառ Երևանում» խորագրով ցուցահանդեսն արդեն բացված է:
Մեկ ամիս շարունակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կցուցադրվեն հայաստանցի և սփյուռքահայ արվեստագետների մոտ 60 աշխատանքներ՝ գեղանկարներ և լուսանկարներ:
Ցուցահանդես-վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ սիրիական ճգնաժամից տուժած սիրիահայերի ընտանիքներին աջակցելու, նրանց համար բնակարաններ կառուցելու նպատակով:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանն ասում է, որ իրենց գործերը ցուցահանդեսին ներկայացրած բոլոր նկարիչներն հայտնի արվեստագետներ են, և բավականին թանկ արժեն նրանց ստեղծագործությունները, բայց որոշել են դրանք վաճառել, որովհետև գիտեն, որ այդ գումարով օգնում են սիրիահայերին:
«Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության երիտասարդական հանձնաժողովի անդամ Հակոբ Կազանջյանն էլ տեղեկացրեց, որ Ժամանակակից արվեստի թանգարանում օգոստոսի սկզբներին կազմակերպված նմանատիպ ցուցահանդես-վաճառքի ժամանակ վեց գործ է վաճառվել. «Իսկ թե քանի գործ կվաճառվի այս ցուցահանդեսի ընթացքում, դժվարանում եմ ենթադրություններ անել,- ասում է նա,- բայց այդ նկարները մենք ցուցադրում ենք նաև կայքում, այնպես որ, հնարավոր է դրանք այդ տարբերակով ևս տեսնել և օգնել մեր հայրենակիցներին»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ