Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Եթե կարիք լիներ մամուլին ասել, թե ինչ ենք մենք խոսել, ուրեմն, քննարկումը փակ չէր լինի»

Սեպտեմբեր 02,2014 19:04

«Որեւէ վտանգավոր բան չկա»,- Aravot.am-ի հարցին` Հայաստանին վտանգավոր արտաքին քաղաքական զարգացումներ են սպասվում, այսպես պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատգամավորների հետ փակ քննարկումից հետո: «Եթե կարիք լիներ մամուլին ասել, թե ինչ ենք մենք խոսել, ուրեմն, քննարկումը փակ չէր լինի»,- լրագրողների տարատեսակ հարցերին այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Էդվարդ Նալբանդյանը փակ քննարկում ունեցավ պատգամավորների հեր: Քննարկմանը, բացի հանձնաժողովի անդամներից, հրավիրված էին նաեւ այլ խմբակցություններից պատգամավորներ: Ընդդիմադիր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները մասնակցում էին հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանին խորհրդարան փակ քննարկման հրավիրելու եւ նրանից ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերվող որոշ հարցերի պատասխաններ ստանալու առաջարկը նախորդ նստաշրջանի ավարտին խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանի հայտարարությունը հաջորդեց Աստանայում` Եվրասիական տնտեսական միության հիմնադիր նիստին, որտեղ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւն ընթերցեց Ադրբեջանի նախագահի նամակը եւ ակնարկեց, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության ճանապարհն այնքան էլ հարթ չի լինելու, ինչպես պատկերացնում են Երեւանում:

Քննարկմանը մասնակից պատգամավորները եւս հրաժարվեցին մանրամասներ բացահայտել: Միայն ասացին, որ անդրադարձ եղել է Հայաստանի համար կարեւորագույն բոլոր հարցերին: «Նման քննարկումների անհրաժեշտություն պարբերաբար կա, որովհետեւ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանները, հանձնաժողովներում քննարկումները հաճախ սահմանափակված են լինում, քանի որ տեսախցիկներ են առկա: Իսկ արտաքին քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ փակ քննարկումները շատ դեպքերում անհրաժեշտ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ընդդիմադիր պատգամավորները հեռացան՝ առանց անգամ նման ընդհանրական գնահատականներ տալու:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ լրագրողների հետ զրույցում չցանկացավ բոլոր ընդդիմադիրների անունից խոսել այն մասին, թե որքանո՞վ են գոհ ու բավարարված մնացել նախարարի պատասխաններից: Ինքը` Էդմոն Մարուքյանը, չի հասցրել հարցեր տալ Էդվարդ Նալբանդյանին, բայց ասաց, որ ընդհանուր քննարկումից, փոխանցված տեղեկատվությունից բավարարված է, քանզի տրված հարցերի շրջանակներում մանրամասն տեղեկատվություն է ստացել: Պատգամավորն ասաց նաեւ, որ շատ հարցեր իր գործընկերները պարզապես չեն հասցրել հնչեցնել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Էդվարդ Նալբանդյան = Ռուսաստանի դեսպան Հայաստանում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930