Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետ. «….Փրկությունն այն է, որ հեռացած ընտանիքները վերադառնան գյուղ»

Սեպտեմբեր 02,2014 17:44

Սյունիքի մարզի Արեւիս գյուղը Սիսիանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկն է: Նախկին 150 բնակչություն ունեցող գյուղում այսօր ապրում է ընդամենը 70 բնակիչ: Գյուղից արտագաղթը շարունակվում է, բնակիչների թիվն էլ տարեցտարի նվազում:
Մոտ 5 տարի է՝ գյուղում նոր ծնունդ չի գրանցվել, իսկ դպրոցահասակ երեխաներն էլ ընդամենը երեքն են:

Գյուղապետ Սասուն Սահակյանը նշեց, որ 5 տարի առաջ Արեւիսի 4-5 ընտանիք չհարմարվելով գյուղի պայմաններին` միանգամից հեռացել է գյուղից: Այժմ Արեւիսի բնակիչները հիմնականում դաշտավարությամբ ու անասնապահությամբ են զբաղվում, սակայն գյուղական ապրանքները չեն կարողանում իրացնել:
«Մսամթերքը, կաթնամթերքը չենք կարողանում իրացնել, դրանցով ապրուստներս հոգում ենք, էնքան որ ապրենք, սոված չմեռնենք: Պետությունը պիտի գոնե մի քիչ նայի էս սահմանամերձ գյուղերին, աջակցի, որ եղած բնակիչներն էլ չլքեն գյուղը», – նշեցին գյուղացիները:

Իսկ համայնքի ղեկավարը գյուղի պահպանման խնդիրը տեսնում է վերաբնակեցման մեջ, հակառակ դեպքում ցավալի իրավիճակ է կանխատեսում: «….Փրկությունն այն է, որ հեռացած ընտանիքները վերադառնան գյուղ, իսկ նրանք կվերադառնան , եթե կյանքը մի փոքր բարելավվի մեր երկրում, պետական մոտեցման խնդիրը կա: Պետբյուջեով ծրագրեր չեն արվել ու չեն արվում մեր գյուղում: Իսկ Արեւիսում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան. խմելու ջրի, կոյուղու, ճանապարհների նորոգման եւ այլն», – ասաց Արեւիսի գյուղապետ Սասուն Սահակյանը:

Արեւիս գյուղական համայնքը Սիսիանին կապող 20 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը խիստ անմխիթար վիճակում է գտնվում, տասնյակ տարիներ շարունակ չի նորոգվել, իսկ ճանապարհով երթեւեկելն էլ փորձություն է դարձել գյուղացիների համար: Նույն ճանապարհից օգտվում են նաեւ տարածաշրջանի Թասիկ, Արեւիս, Թանահատ, Սալվարդ գյուղի բնակիչները:

«Պաշտպանության նախարարության աջակցությամբ ճանապարհի 7-8 կմ հատվածը վերանորոգվել է, մնացածն անտանելի վիճակում է գտնվում: Մեքենան մտնում է փոսի մեջ ու դուրս չի գալիս: Մայրաքաղաքի մոտիկ գյուղերը մտնում ես հավեսդ գալիս է, ճանապարհները ասֆալտապատված են, բայց երբ վերադառնում ես տարածաշրջանի գյուղեր, ճանապարհ չկա…: 25 տարի է այստեղ եմ ապրում նույն վիճակն է, ոչ մի անգամ չեն նորոգել: Խնդրի մասին բարձրաձայնել ենք, կառավարությանը նամակ ենք գրել ամբողջ տարածաշրջանի գյուղերի ղեկավարներով, բայց մինչեւ օրս նույն վիճակն է…», -հավելեց սահմանամերձ գյուղի ղեկավար Սասուն Սահակյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930