ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի այսօրվա մամուլի ասուլիսում շահագրգիռ հարցուպատասխան ծավալվեց Հայաստանում բոլոր մարզաձեւերի, այդ թվում` լողի ու ջրացատկի վիճակի շուրջ:
«Խորհրդային Միության փլուզումից հետո մեր լողավազանների մոտ 90 տոկոսը սեփականաշնորհվել է: Բնականաբար, դրանց սեփականատերերն ինչ-որ դիվիդենտներ են սպասում իրենց ներդրումների համար: Հայաստանում կա 50 մետրանոց երկու լողավազան` Ծաղկաձորի օլիմպիական բազայում եւ մայրաքաղաքի Կոմիտաս վարչական շրջանում`«Գոլդ Ջիմը»: Երկրորդի ղեկավարությունը մեզ միշտ ընդառաջում է: Բայց մենք էլ հասկանում ենք, որ նրանք չեն կարող այդ լողավազանը միշտ տրամադրել: Խնդիրը դա է:
Վահան Մխիթարյանի առումով օլիմպիական կոմիտեն շատ մեծ աշխատանք է կատարել. նա երկու տարի դրսում է մարզվել եւ նրա առջեւ կիսաեզրափակիչ մտնելու առաջադրանք էր դրված: Դա նրան չհաջողվեց վայրկյանի տասնորդական կամ հարյուրերորդական մասով չհաջողվեց:
Առաջիկա ծրագրերի մասին կասեմ հետեւյալը. ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Դավթաշենում ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող լողավազան է կառուցում, որտեղ լինելու է նաեւ ջրացատկ: Հիմա մեր միակ վայրը, որտեղ մարզվում են ջրացատկորդները, Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանն է, որից միաժամանակ օգտվում են եւս մի քանի մարզաձեւեր: Բարձրակարգ ջրացատկորդը պետք է օրական մոտ 3-4 ժամ մարզվի ու այդ ընթացքում կատարի առնվազն 70-80 ցատկ: Բայց մեր ջրացատկորդները 1-1,5 ժամ մարզվելու ընթացքում լավագույն դեպքում 20-22 ցատկեն կարողանում կատարել, այն էլ` ոչ ամեն օր:
Կարդացեք նաև
Սպորտում կան տարբեր մոտեցումներ: Կարճաժամկետ արդյունքների դեպքում լեգեոներականներ ես հրավիրում եւ արագ արդյունք ունենում, կամ մեկ-երկու շնորհալի մարզիկ ունես` տանում ես մրցումների ու «քամում-վերջացնում» (դրա փորձը մենք ունենք): Կա նաեւ երկարատեւ ներդրումների տարբերակը, որը հուսալի ապագա է: Գագիկ Ծառուկյանը որդեգրել է երկրորդը: Տեսեք, մեր պատանի մարզիկների մեջ շատերը աշխարհի, Եվրոպայի չեմպիոն են: Մեդալակիրների մասին չեմ խոսում: Ներդրումների այս տեմպեը պահպանելու դեպքում` Դավթաշենից, Գյումրիից, Հրազդանից, Սիսիանից բացի, որտեղ կառուցվել եւ կառուցվում են, մյուս մարզերում եւս ծրագրել ենք մարզադպրոցներ կառուցել: Դա միանշանակ կնպաստի հանրապետությունում սպորտի ընդհանուր զարգացմանը: Ընդորում, բոլոր ներդրումները ՀԱՕԿ-ի նախագահը կատարում է բացառապես իր անձնական միջոցներից:
Այն հոգեբանությունը, որ ժամանակին ունեցել ենք. մեդալ բերեք, որ ֆինանսավորենք, մեր միջից դուրս է եկել: Հիմա մոտեցումը հակառակն է. պետք է ֆինանսավորել, որ մեդալ լինի: Պարոն Ծառուկյանն այս գաղափարը բազմիցս է արտահայտել: Նրա ոգեւորությունն այնքան մեծ է, որ թվարկածս ծրագրերն ավարտելուց հետո մարզերում նոր մարզակառույցներ պիտի կառուցենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ