Վանաձորի Լենինգրադյան թաղամասի տնակային ավանի բնակիչները գիշերը լույսը վառած են քնում. վախենում են, որ մթության մեջ առնետները կվնասեն իրենց ու երեխաներին:
Շատերի նման խոնավության, ցրտի, առնետների եւ ուտիճների հարեւանությամբ, սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից զուրկ միջավայրում է ապրում նաեւ 75-ամյա Արաքսյա Ավետիսյանը:
Նա միայնակ խնամում է դստեր երեխաներին:
Օրեր առաջ էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով կտրվեց ընտանիքի լույսն ու հենց նույն գիշեր առնետները դուրս եկան թաքստոցից:
«16 տարեկան երեխան` Պետրոսը, ծիկա տվեց, տեսա արյունը մատից չռում ա, երկրորդ անգամ ծիկա տվեց, տեսա արդեն վիզն էր կծել, դրանից հետո քնեցինք` Լիլոյի ոտքը կծեց, պոլի փետը վերցրի` թխկացնում եմ` հնար չկա, գնացի մյուս սենյակում քնեցի` ինձ էլ կծեց, ձեռքս, արդեն դզվել ա, ասի Լիլո ջան, շուտ արա, Լիլոն իրա մայկեն ա պատռել, փաթաթել, առավոտ շուտ գնացինք պոլիկլինիկա, չորսիս երեք անգամ սրսկեցին, թակարդ ենք դնում, թակարդի հացը գողանում, տանում է, բայց թակարդը չի ընկնում: Ես 14 տարի այստեղ ապրում եմ, այդպիսի բան տեսած չէի, որ էդ զուլումն իմ գլխին եկավ: Վախենում եմ մանուկ երեխեքի համար»,-Aravot.am-ի հետ զրույցում հիշում է 75-ամյա կինը:
Նա պատմում է, որ նախկինում էլ առնետները վնասել են քնած մարդկանց, անգամ կծել երեխաների քիթը, ականջը:
«Ես չգիտեի, որ այդ դեպքը իմ գլխին պիտի գա, ով կպատկերացներ, այդպիսի դեպքեր շատ-շատ են եղել»,-պատմում է տիկին Արաքսյան:
Դեպքից թեեւ օրեր են անցել, այնուամենայնիվ, ընտանիքի անդամները մինչ օրս վախով են անկողին մտնում:
«Երեխեքը վախեցած են»,-նշում է տնակային ավանի բնակիչը:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ համաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի աշխատակիցներն այսօր դեռատիզացիա իրականացրին տնակում ու նրա հարակից տարածքում` փոքր-ինչն կանխելու կրծողների հոսքը:
Եթե դեռատիզացիան դրական արդյունք չտա, մեկ շաբաթ անց կրկին համապատասխան աշխատանքներ կիրականացվեն:
Մանրամասները` տեսանյութում
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ