Այսօրվա մամուլի ասուլիսում պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Նանկինի մեդալակիր մեր մարզիկները 2016 թվականի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու հնարավորություն կունենա՞ն, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Հնարավորություն բոլորին էլ տրվելու է: Մեզ մոտ սպորտում ամեն բան շատ հստակ է. ով ավելի լավ արդյունք է ցույց տալիս, միանշանակ նա է գնում: Ազգային հավաքականներում ոչ մեկն ապահովագրված չի եւ ոչ ոք այս պահի դրությամբ ազգային հավաքականում տեղ չունի: Նրանք գալիք ուսումնամարզական հավաքներում, պաշտոնական եւ միջազգային մրցումներում պետք է ապացուցեն իրենց արժանի լինելը:
Ինչ վերաբերում է Նանկինի մասնակից մեր պատանի մարզիկներին, նրանցից իմ կարծիքով երկուսն են մոտ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հանդես գալուն եւ բարձր արդյունքներ ցույց տալուն: Իսկ մյուսները, վստահ եմ, 2020 թվականին ավելի լավ թեկնածուներ կլինեն: Բայց նորից եմ կրկնում, որ անակնկալներ միշտ էլ լինում են ու այս պատանիները կարող են հաճելի անակնկալներ մատուցել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ