Հերթական նամակն եմ ստացել Իսակովի պողոտայի 4/2 շենքի 46 բնակարանի բնակիչներից այն մասին, որ իրենց կողմից շենքի դիմացի կանաչապատ տարածքը բռնագրավված է ‹‹Առա-Ռոս›› ՍՊԸ-ի կողմից, որի մասին վերոնշյալ քաղաքացիները դեռևս 2 տարի առաջ դիմել են ՀՀ տարբեր բարձրագույն ատյաններ, ինչպես նաև Երևանի քաղաքապետին:
Տարածքը բռնագրաված ՍՊԸ-ն պատկանում է ոմն Ռուբեն Կոստանյանին, մականունը` Բոգո: Ընդ որում, Երևանի քաղաքապետարանի 26.11.2007թ. N 5074-Ա որոշմամբ այդ տարածքը համարվում է կանաչ գոտի, որի վերաբերյալ առկա է համապատասխան գոտիավորման քարտեզ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանի կողմից 22.09.2013 թվականի N 19/Կ-3766 ստորագրված գրությամբ, Իսակովի պողոտայի 4/2 շենքի 46 բնակարանի բնակիչներին տեղեկացվել է, որ առանց համապատասխան թույլտվության կառուցված քարե պարիսպը Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում քանդվել է: Այնինչ, սույն թվականի սեպտեմբերի 1-ին Իսակով պողոտայի 4/2 շենքի 46 հասցեի բնակիչ Սասուն Սարիբեկյանը հայտնում է այն մասին, որ պատը դեռ չի քանդվել:
Քաղաքացին կից ներկայացրել է նկարները, որոնք փաստում են, որ անօրինական պատը շարունակում է կանգուն մնալ, իսկ պարոն Ասատրյանը յուրաքանչյուր գործակարգավարականի ժամանակ զեկուցում է ապօրինի շինությունների քանդման մասին:
Կարդացեք նաև
Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս կարող էր պարոն Ասատրյանը քաղաքացուն պատասխանել անօրինական պատի քանդված լինելու մասին, երբ այն դեռևս կանգուն է և ե՞րբ եք իսկապես միջոցներ ձեռնարկելու այդ անօրինական պատը քանդելու համար:
Կից ներկայացնում եմ այն նկարները, որոնք փաստում են պատի գոյությունը:
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ