ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Նանկինում անցկացված 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների ընդհանուր հաջող մասնակցության մասին, նշեց, որ Սինգապուրի օլիմպիական խաղերից հետո մինչեւ Նանկին ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ահռելի աշխատանք է կատարել: «Ինչպես գիտեք, արդյունքները հենց այնպես, իրենք իրենց չեն լինում: Անցած չորս տարիների ընթացքում թարմացվել է սպորտի նյութատեխնիկական բազան, անհամեմատելիորեն ավելացել է ուսումնամարզական հավաքների կազմակերպումը, պատանի մարզիկների մասնակցությունը տարբեր միջազգային մրցումներին: Արդյունքներն էլ արդեն տեսնում եք: Յոթ մեդալակիր ունենք: Դրանից բացի ունեցել ենք մեկ չորրորդ տեղ, երկու` հինգերորդ, տեղ յոթերորդ տեղ: Մեր գրեթե բոլոր մասնակիցները եղել են լավագույն հնգյակում, ինչը մեզ վստահություն է տալիս, որ լավ հերթափոխ ունենք:
Մեզ համար նոր` 2018 թվականին Բուենոս-Այրեսի, ցիկլն արդեն սկսված է: Այս տարի ֆեդերացիաների հետ միասին սելեկցիա կանենք եւ արդեն ունեցած փորձը ներդնելով`հաջորդ պատանեկան օլիմպիական խաղերում կաշխատենք ավելի լավ արդյունքներ ցույց տալ», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ