Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունը:
Նա նշեց, որ առողջապահության ոլորտում 4 ծրագիր են ուսումնասիրել՝ անապահով բնակչությանը անվճար սպասարկման հետ կապված, 6 բուժհիմնարկներ են ստուգել: «Արմենիա» բժշկական կենտրոնում հայտնաբերել են, որ անվճար բուժում ստացել են նպաստառու չհանդիսացող կամ անապահովության ցածր միավոր ունեցող անձինք, մի հիվանդ էլ անվճար բուժսպասարկվել է, բայց նպաստառու լինելու կեղծ փաստաթղթեր է բերել. «Տեսնում ենք, որ անվճար սպասարկումից օգտվում են մարդիկ, որոնք դրա իրավունքը չունեն»: Իշխան Զաքարյանը նշեց, որ պետք է ունենան տեղեկատվության միասնական համակարգ, որ բուժհաստատությունը կարողանա ստուգել՝ նպաստառո՞ւ է իրենց այցելուն, թե՞ ոչ:
Տուբերկուլյոզի բուժօգնության ծառայություններն ուսումնասիրելիս ՎՊ-ն հայտնաբերել է, որ դիսպանսեր հիվանդանոցը ներկայացրել է «ճոխ-ճոխ» սպասարկումներ՝ տարբեր հիվանդներին եւ բյուջեից գումարներ ստացել՝ չմատուցված ծառայության համար: Օրինակ, հիվանդներից մեկի հետ կապված նշել են, թե 61 օր հիվանդանոց է պառկել, բուժվել է, բայց հիվանդը ՎՊ-ին տեղեկացրել է, որ բուժումը տեւել է ընդամենը 7 օր: Ուստի միայն այդ մեկ հիվանդից 480 հազար դրամի չարաշահում է եղել:
Ինչ վերաբերում է գնումներին, Իշխան Զաքարյանը նշեց, որ սնունդի գնման համար հիմք են ընդունել Վիճծառայության տվյալները եւ պարզել, որ մակարոնեղենից սկսած մինչեւ շաքարավազ, բրինձ ու ձու՝ գները պետությանը խաբել են. «Օրինակ, մակարոնեղենը արժե 350 դրամ, ներկայացրել են 630 դրամ: Ձուն արժե 50 դրամ, ներկայացրել են 60 դրամ: Մենք ուսումնասիրություններ ենք արել, որ տարեցտարի տուբերկուլյոզով հիվանդների թիվը պակասել է, մահացության թիվը պակասել է, բայց Գլոբալ հիմնադրամը եւ պետբյուջեն դեռ մեծ գումարներ են ծախսում: Մենք պետք է հասկանանք, թե անընդհատ նվազման պայմաններում երկու հոսքով ֆինանսներ են գալիս, ինչպես են դրանք ծախսվում»:
Առողջապահական ոլորտում ՎՊ-ն այլ չարաշահումներ էլ էր բացահայտել: Օրինակ, գնել են գենետիկական կատալիզատոր, 120 մլն դրամ են ծախսել, բայց սարքը չի շահագործվում. «Ընդհանուր առմամբ, այս ծրագրով ՎՊ-ն շուրջ 440 մլն դրամի տարբեր բնույթի ապրանքների գնում արձանագրել է՝ որպես ոչ արդյունավետ ծախս»:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հորդորեց Իշխան Զաքարյանին իրենց տեսակետն էլ ներկայացնել. «Որ ասում եք այս չարաշահումները, իրենք ի՞նչ են ասում»:
Իշխան Զաքարյանը հավաստիացրեց. «Ինչ մենք ասել ենք, դրա հետ կապված որեւէ առարկություն չի եղել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ