Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գալաջյան. «Նման գրքույկներով հակաբնական կենակցության ձևեր են քարոզվում»

Սեպտեմբեր 02,2014 15:36

«Այն ճանապարհը, որ բռնել են այսպես կոչված զարգացած երկրները, տանում է կործանման»,-այսօր «Ազդակ» ակումբում «ԼԳԵՓ ակտիվիստների ագրեսիվության աճը եւ դրա վտանգավորությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Կոտայքի թեմի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը: Նա շեշտեց. «Հիմա ավելի վատ վիճակ է, քան Սոդոմ-Գոմորի ժամանակ, որովհետև այն ժամանակ մարդիկ գոնե իրենց երեխաների վրա աչք չունեին: Դեմոկրատիա կոչվածը վերածվել է ամենաթողության, այն վերածվել է փոքրամասնության դիկտատուրայի»:

Հոգևոր հովիվը մտահոգված է, եթե այսպես շարունակվի և մենք անտարբեր մնանք, հաջորդ քայլը մեր երկրում մանկապղծությունն է լինելու: Քահանա Տալյանը զգուշացրեց. «Պետք է չհանդուրժել այդ երևույթը, և ամեն բան անել, որ այդպիսինները հող չգտնեն մեր մեջ: Դա հնարավոր է, եթե մենք բոլորս քրիստոնեավայել մեզ դրսևորենք»:
«Մխիթարիչ բարեգործական ընկերության» հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը ուշադրություն հրավիրեց Կանանց ռեսուրս կենտրոնի տպագրած բրոշյուրներից մեկի վրա. «Միասեռական տերմինն են օգտագործում: Կանանց ռեսուրս կենտրոնը մի բրոշյուր է հրապարակել` «Եկեք խոսենք սեքսի մասին» խորագրով: Պաշտոնապես այսպիսի նկարներով գրքույկը դիտվում է պոռնոգրաֆիա: Իսկ տեքստն ավելի շատ է այլասերություն պարունակում: Կանանց ռեսուրս կենտրոնը ամիսը մեկ նման գրքույկ է հրատարակում»:

Ըստ Խաչիկ Ստամբոլցյանի`այսօր մեր մեջ բաժանում, պառակտում գցելու լավագույն ձևը այլասերումն ու աղանդավորության տարածումն է: Նա նկատեց, թե ամբողջ աշխարհը կանգնած է քրիստոնեության դեմ, Ֆրանսիայում արվամոլները հայտարարեցին, որ պետք է հրաժարվել քրիստոնեությունից, որովհետև այն դեմ է համասեռամոլությանը:
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը նկատեց. «Նման գրքույկներով հակաբնական կենակցության ձևեր են քարոզվում: Որոշ ՀԿ-ներ ագրեսիվ քաղաքականություն էին վարում, որպեսզի պաշտպանեն սեռական փոքրամասնություններին: «Հասարակությունն առանց բռնության» ծրագիրն ու թեզն էլ ցանկանում են խցկել դպրոցական ծրագրի մեջ: Սկզբում ամեն այլասերում դարձնում են սովորական, ապա` գերիշխող: Ասենք` սովորական մարդուն գործից ազատեն, ոչինչ, բայց ինչ-որ գոմիկի դեպքում խտրականություն է: Առաջարկում եմ անտեսել ամեն արհեստածինը և մարդավարի, ճիշտ ու պահպանողական բառապաշարով ներկայացնել այդ ամենը: Չվախենալ դատարաններում հայտնվելու ու նրանց դեմ բողոքելուց կամ նրանց բողոքին պատասխանելուց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Aravot.am-ը վերը նշված մտահոգություններն ու մեղադրանքները փոխանցեց նաև «Կանանց ռեսուրսային կենտրոնին»: Մեզ հորդորեցին հարցերը գրավոր ուղարկել, որոնց կենտրոնից կպատասխանեն մի քանի օրվա ընթացքում: Պատասխանի դեպքում կհրապարակենք նաև «Կանանց ռեսուրսային կենտրոնի» պարզաբանումները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930