ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր չկայացավ: ՕԵԿ խմբակցությունը, որի առաջարկած նախագծերն էին նիստում քննարկվելու, մինչեւ մեկ տարով հետաձգել է դրանք: ՕԵԿ-ը սոցիալական փաթեթ էր ներկայացրել, ինչպես նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՕԵԿ-ի նախագիծը , որը նախատեսում է օրենքի որոշ դրույթներից հանել «պարտադիր» բաղադրիչը, որոշ գլուխներ էլ ուժը կորցրած ճանաչել:
«Որոշեցինք հետաձգել, որպեսզի այս ընթացքում մյուս խմբակցությունների հետ ևս աշխատենք: Քննարկումներ են գնում, հնարավոր է ՍԴ դիմելու մոտեցումներ առաջանան»,-Aravot.am-ի հետ զրույցում իրենց քայլը հիմնավորեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հարցին`չի՞ բացառվում, որ ՕԵԿ-ը ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ նոր օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկի, տիկին Բիշարյանն ասաց. «Չի բացառվում, դրա համար եմ ասում, մոտեցումներն ուսումնասիրենք: Շրջանառությունից չենք հանել, մեր մոտեցման կողմնակիցն ենք, շատ հնարավոր է, որ հաջորդ նիստին նորից դնենք»:
ՕԵԿ-ը առաջարկներ է ներկայացրել նաեւ հաշմանդամության կարգը սահմանելու, Չեռնոբիլի աղետի հետեւանքները վերացնելուն մասնակից մեր հայրենակիցներին արտոնություններ տալու, ինչպես նաեւ նորապսակներին 300 հազար դրամ գումար նվիրելու մասին: ՕԵԿ-ն առաջարկում է, որ նախագահին կից ինը հոգանոց անկախ խորհուրդ ստեղծվի, որը ցմահ հիվանդությունների դեպքում մարդուն ազատի ամեն տարի բուժզննում անցնելուց` հաշմանդամության կարգը նորից ստանալու համար:
Ինչ վերաբերվում է նորապսակներին սոցիալական օժանդակության առաջարկին, այն, ըստ մեր զրուցակցի ձեւավորվել է մարզային այցելությունների ընթացքում: «Երիտասարդներն ասում են`հազար դոլար չունենք, որ ամուսնանանք»,- մանրամասնեց տիկին Բիշարյանը:
Այս նախագծերը ևս հետաձգվել են: Պատճառն այն է, որ կառավարությունը նույնպես առաջիկա նստաշրջանում սոցիալական փաթեթ է ներկայացնելու, որտեղ ՕԵԿ-ի բարձրացրած հարցերի մասին ևս առաջարկներ կան: ՕԵԿ-ն էլ որոշել է համատեղ աշխատել, քանզի իրենց համար կարեւորը գաղափարի իրականացումն է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շատ զզվելի է, երբ ամեն ինչ կեղծիքով է ողողված։