Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Եվրոպական մթերքները այլեւս ռուսական շուկայում չեն հայտնվի, պետք է օգտագործենք այս բացառիկ հնարավորությունը»

Սեպտեմբեր 02,2014 15:24

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Անալիտիկ» ակումբում անդրադառնալով Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածի փլուզման հետեւանքներին, նշեց, որ այդ ընթացքում նվազել էին բեռնաշրջանառության ծավալները:

Պրն Սաֆարյանի կարծիքով՝ ռուսական, վրացական եւ հայկական կողմերը պայմանավորվածություն պետք է ձեռք բերեն եւ փլուզվող վայրում թունելային անցում կառուցեն՝ մշտական եւ անխափան փոխադրումներ ապահովելու համար. «Բացի այդ, միշտ պետք է երկրորդ ճանապարհ աչքի առաջ ունենանք՝ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցը դարձյալ դարձել է ակտուալ, որը լրացուցիչ հնարավորություն կտա Իրանով դուրս գալ դեպի կենտրոնական Ռուսաստան եւ Սիբիր: Իսկ Աբխազիայի նորընտիր նախագահն էլ ասել է, որ դեմ չէ, որ Աբխազական երկաթգիծը բացվի, որը նույնպես նպաստավոր կլինի մեզ համար»: Պրն Սաֆարյանի խոսքով՝ տարեցտարի երկաթգծային փոխադրումների ծավալները փոքրանում են:

Ասուլիսին Վազգեն Սաֆարյանը նաեւ անդրադարձավ Եվրոպայի՝ Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցներին եւ թե ինչպես Հայաստանը կշահի դրանից. «Ռուսաստանն այսօր նոր ներմուծողների կարիք ունի եւ դրանցից առաջիններից մեկը Հայաստանն է, Հայաստանը իր բանջարեղենով, մրգերով, պահածոներով կարող է ռուսական շուկայում իր կայուն տեղը զբաղեցնել»:

Պրն Սաֆարյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի 1,44 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն է եղել Ռուսաստանի հետ, որից 1,1 միլիարդ դոլարի ներմուծվել է եւ արտահանվել՝ 334 միլիոն դոլարի ապրանք. «Անցյալ տարի 63 հազար տոննա բանջարեղեն եւ միրգ ենք արտահանել, իսկ այս տարի մի փոքր ավելի կլինի՝ 65 հազար տոննա»:

Պրն Սաֆարյանի կարծիքով՝ պետություն եւ մասնավոր ընկերություն գործառույթը պետք է ակտիվացնել գյուղատնտեսության ոլորտում. «Ռուսաստանի հետ համագործակցելով՝ պետք է ստեղծենք այստեղ մեքենատրակտորային կայաններ եւ գյուղացիական կոոպերացիաներ, որոնց արտադրանքով փոխհատուցենք մեքենատրակտորային կայանների մատուցած ծառայությունները: Այս ամենը առաջարկելու ենք կառավարությանը: Այն բացառիկ հնարավորությունը, որ եվրոպական մթերքները այլեւս ռուսական շուկայում չեն հայտնվի, պետք է օգտագործենք մեր մթերքների արտահանման համար»:

Պրն Սաֆարյանը տեղեկացրեց, որ որոշ ռուսական ընկերությունների առջեւ բարձրաձայնել են Նաիրիտի վերաբերյալ հարցը. «Ռուսաստանը կաուչուկ է ներմուծում Գերմանիայից, իսկ այն կարող է այլեւս չներկրել պատժամիջոցների պատճառով: Ռուսաստանի կաուչուկ օգտագործող ռետինատեխնիկական գործարանների համար պիտի հուշենք ռուսական կողմին Նաիրիտը վերազինելու եւ Նաիրիտի արտադրած կաուչուկը ռուսական շուկա ներկրելու համար: Այն կարող է բավարարել ռուսական շուկայի կաուչուկի 50 տոկոսը»:

Պրն Սաֆարյանը նաեւ հավելեց, որ պետք է մեծացնել ռուսական շուկայում գինիների արտահանման ծավալները եւ հասցնել կոնյակի արտահանման ծավալներին. «Դրա համար նախ պետք է գինիների որակը բարձրացնել եւ գովազդել դրանք այնպես, ինչպես կոնյակը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930