Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ը հիմնավոր չի համարել բողոքը ՝ ՀՀ կրթության ոլորտի ֆինանսական աջակցությունը վերանայելու մասին

Սեպտեմբեր 02,2014 15:22


Հայաստանյան 9 հ/կ, 2 ուսանող եւ 5 ծնող բողոքել էին Համաշխարհային բանկի (ՀԲ) ամերիկյան գրասենյակին` պահանջելով վերանայել ՀՀ կրթության ոլորտին ուղղված ֆինանսական աջակցության վարկային ծրագիրը, քանի որ, ըստ իրենց, կրթական բարեփոխումները շեղվել են ճիշտ ուղուց: Նրանք խնդրել էին վերանայել նոր վարկի տրամադրման պայմանները, դնել այնպիսի նախապայմաններ, որոնց պարագայում վարկային ծրագրի իրականացումը ավելի արդյունավետ կլինի: Ընդ որում, ուսումնասիրություն իրականացնողները, իրենց եզրակացության մեջ փաստել էին, որ մտահոգությունները արտահայտում են մարդկանց մեծ խմբի կարծիք, բայց քանի որ խախտված չեն ՀԲ- ի ընթացակարգերը, վարկը կանգնեցնելու կամ դրա հետ կապված հետագա խորը ուսումնասիորւթյունների կարիք չկա, իսկ խնդիրները, որոնց մասին բարձրաձայնվել է, առկա են, պարզապես դրանք ժառանգված են անցյալից: Այս մասին նույնիսկ հրապարակումներ  եղան:

ՀԲ-ի մասնագետներն էլ ձեռնամուխ եղան համապատասխան ուսումնասիրությունների, եւ այժմ մտահոգույթյուններից յուրաքանչյուրի հետ կապված մեկնաբանություններն առկա են ՀԲ կայքում:

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել ՀԲ ուսումնասիրությունների արդյունքները՝ ակնարկելով, որ փաստորեն ԿԳ նախարարությունը հաղթել է: Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցներին՝  կրթության ոլորտի բարեփոխումները ուշադրության ներքո պահելու համար, չընդունեց մեր հարցադրման մեջ «հաղթել» բառի կիրառությունը. «Կրթության բնագավառի բարեփոխումների հաջողության պարագայում հաղթում ենք բոլորս, անհաջողության պարագայում էլ պարտվում ենք բոլորս»:

Ինչ վերաբերում է մինչեւ Վաշինգտոն դժգոհություն հայտնածներին, այդ մասին էլ նախարարը նշեց. «Ակնհայտ էր, որ դիմումատուների կողմից բարձրացված խնդիրները կամ բացարձակ կապ չունեին տարվող փոփոխությունների հետ կամ ընդհանրապես նրանց նշած խնդիրները գոյություն չունեին: Մեր բարեփոխումների ընթացքում որեւէ նոր խնդիր չենք ավելացրել, մշտապես վերլուծել ենք նախկինում առկա խնդիրները, բայց որեւէ նոր կրթական խոչընդոտ այդ փոփոխությունների պատճառով չի առաջացել: Եղած խնդիրները ավելի շատ ժառանգված խնդիրներ են: Սա՛ է ամրագրված մեր գործընկերների ուսումնասիրությունների արդյունքում»:

Արմեն Աշոտյանը ցավում է, որ, իր ձեւակերպմամբ, բողոքավորները պնդել են՝ չբացահայտել իրենց անուն-ազգանունները. «Կարծում եմ, որ հատկապես քաղաքացիական հասարակություն կառուցելիս ու պետական մարմինների կողմից տարվող քաղաքականությունը հարցականի տակ դնելիս՝ բարոյական տեսակետից ճիշտ կլինի, որ ընդդիմախոսները ներկայանան: Չնայած մենք ապրում ենք փոքր երկրում, եւ խոսակցությունների մակարդակով ստույգ գիտեմ, թե դժգոհության արտահայտման եւ կազմակերպման կիզակետում, որ հանրային կառույցը կամ կառույցներն են ներգրավված եղել այդ հարցում: Մի բան հստակ է՝ մենք ուզում ենք աշխատել հանրային հատվածների ու միջազգային կառույցների հետ, որոնք կարող են կրթության բնագավառում մեր մատից փուշ հանել: Համաձայնեք, որ մի քանի ծնող եւ ուսանող չեն կարող ներկայացնել ծնողական ողջ հանրույթը կամ ուսանողության կարծիքը, թեպետ մենք անհատների կարծիքներն էլ ենք շատ կարեւորում: Մենք հասկանում ենք, որ բողոքավորները իրավունք ունեն չբացահայտվելու, բայց մենք հո գիտե՞նք՝ այդ մարդիկ ովքեր են, եւ ամենեւին էլ տունտունիկի ժամանակը չէ: Վստահ ենք, որ նրանց մի զգալի մասի սիրտը ցավում է կրթության բնագավառի համար եւ գուցե քաղաքացիական կամ նեղ անձնական շահերով չէ, որ իրենք առաջնորդվել երկրի դեմ դժգոհություն առաքելով:

Նաեւ շնորհակալ եմ այդ դժգոհողներին, քննադատողներին, որ մեզ հրաշալի առիթ տվեցին վերաարժեւորելու մեր կատարած աշխատանքի արդյունքները, վերագնահատելու այն ճանապարհը, որ մենք անցել ենք այդ թվում՝ նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ: Այդ կառույցների ու մարդկանց զգալի հատվածի հետ դեռ կարող ենք համատեղ ճանապարհ անցնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Ինպես միշտ նախարարի ամբարտավան և ինքնասիրահարված կեցվածքը չափ ու սահմանն անցնում է…
    Թե` իրենք քաղաքացիական հասարակություն են կառուցում, բայց ակամա հայտնվում է ,,իրենց,, իսկ կառուցած բռնապետական սարդոստայնում և ,,գործում ,, է հետապնդումների ու հետախուզումների տրամաբանությամբ…:)))

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930