Երևանի առաջին քույր քաղաքում՝ իտալական Կարրարայում, օգոստոսի 29-30-ը անց է կացվել արդեն ավանդական դարձած «Սեպտեմբերֆեստ» 38-րդ միջոցառումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից միջոցառմանը մասնակցող քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը Կարրարայի քաղաքապետ Անջելո Զուբբանիին է փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը, որում, Կարրարայի բոլոր բնակիչներին մաղթելով բարեկեցություն, Տարոն Մարգարյանը նաև վստահություն է հայտնել, որ քույր քաղաք Կարրարայի հետ շուրջ 40-ամյա համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կզարգանա ու կընդլայնվի:
Շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու և շնորհավորանքների համար՝ Կարրարայի քաղաքապետն ընդգծել է, որ իսկապես նկատելի են Երևանի քաղաքապետի երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու պատրաստակամությունն ու ջանքերը, ինչի համար Անջելո Զուբբանին իր շնորհակալությունն է փոխանցել Երևանի գործընկերոջը:
Հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը Կարրարայի քաղաքապետին է փոխանցել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը մասնակցելու հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Անջելո Զուբբանին, ով նախորդ տարի անձամբ է մասնակցել Երևանի տոնին, վստահեցրել է, որ այս տարի ևս Կարրարայի պատվիրակությունը կմասնակցի տոնակատարությանը:
Երևանի քաղաքապետարան