Այսօր հերթական անգամ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները հավաքվել էին գործարանի բակում:
Պահանջը նույնն է` ստանալ ամիսներով չստացած աշխատավարձը եւ հանդիպել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի հետ:
Վերջինս ընդունեց գործարանի աշխատակիցներին:
«Մեզ սոված կոտորում են, եթե հուլիսի վերջ մեր մի ամսվա աշխատավարձը տային, նույն օգոստոսի վերջ էլի մեկ ամսվա աշխատավարձ տային, մենք էլ կասեինք` դե լավ, սառույցը շարժվել է, բայց որ տեսնում ես` սկի ասածներն էլ չեն անում, էլի չենք հավատում: Հավատալու տեղ չի մնացել ուղղակի»,-հանդիպման ժամանակ բողոքեցին աշխատակիցները:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Սնեգիրյովը նրանց առաջարկեց խումբ ձեւավորել եւ միասին գնալ Երեւան` հանդիպելու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ:
Լրագրողների հետ զրույցում Ալեքսանդր Սնեգիրյովը հայտնեց գործարանի սեփականատիրոջ անունը` Կոզլովա Գալինա Իվանովնա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ