Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, թե՞ կա Շիրակի մարզում որևէ գյուղ, որտեղ վաղուց ի վեր նոր ընտանիքներ չեն կազմվել, հարսանիքներ չեն եղել, ծնելիություն չկա:
Նկատենք, որ օրերս Շիրակի մարզի մանկավարժների տարեսկզբյան խորհրդակցության ժամանակ խոսվեց գյուղական դպրոցների թերբեռնվածության, սակավաթիվ աշակերտներ ունենալու մասին, խոսքը հատկապես Աշոցքի ու Ամասիայի գյուղերի մասին էր:
Ի պատասխան մեր հարցի, Կարլեն Աբրահամյանն ասաց. «Ծնելիությունը միգուցե շատ չէ, բայց կա: Իսկ հարսանիքներ ամեն տեղ էլ լինում են: Ես երկու անգամ ընթերցել եմ, որ Սյունիքի մարզում մի երկու տեղ հարսանիքներ չեն եղել վերջին տարիներին, բայց մեզ մոտ, բարեբախտաբար, դեռ նման գյուղական համայնք չկա: Կարող է՝ քիչ են հարսանիքները, բայց կան, ասենք մի տեղ տարվա մեջ 3 անգամ, մյուս տեղում 100 հատ… Չկա որևէ գյուղ, որտեղ առաջին դասարանցիներ չլինեն, ուղղակի Աշոցքի ու Ամասիայի բնակչությունն է քիչ, նոսր է, իսկ դա ծնելիության ցածր մակարդակով չէ պայմանավորված, այլ ի սկզբանե խտաբնակ չի եղել»:
Իսկ ի՞նչ է անում կառավարությունը սակավաբնակ տարածքները բնակեցնելու, ծնելիությունը Ամասիայում ու Աշոցքում խթանելու ուղղությամբ: «Միջոցներ, անխոս, ձեռնարկվում են, սակայն դա միայն մարզային խնդիր չէ, իսկ Աշոցքն ու Ամասիան ի սկզբանե նոսր բնակեցված են: Ամասիան ադրբեջանցիներով բնակեցված տարածք էր, այստեղ ի սկզբանե անասնապահություն է հիմնական զբաղմունքը, հողագործությունը ինչ-որ ձևով հետ է կանգնել: Այստեղ այլ ազգը (խոսքը ադրբեջանցիների մասին է) չոբանություն էին անում, ես կարծում եմ, որ չոբանություն անելն ավելի պատվաբեր է, քան Յակուտիայում լապատկա բռնելը կամ նպաստի վրա նստելը: Իհարկե, մեր ազգն էլ է զբաղվում անասնապահությամբ, բայց ոչ ինտենսիվ, ոչ մասսայական. կա ազգային սպեցիֆիկայի հարց, արդյոք սիրո՞ւմ են այդ մասնագիտությունը, արդյոք չե՞ն ասում՝ բա իմ տղան կամ աղջիկը գնան ուրիշի կովերը կթե՞ն»,- ասաց Կարլեն Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ