Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի շուրջ 250 տարածքներում գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին` բուհերին, քոլեջներին, դպրոցներին ու մանկապարտեզներին հարակից ճանապարհահատվածների հետիոտնային անցումները:
Մի քանի փողոցներում, որոնցում ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, գծանշումը կիրականացվի փողոցների հիմնանորոգումից անմիջապես հետո: Հիշյալ հետիոտնային անցումների առկայությունը նպաստում է ուսումնական հաստատություններին հարակից հատվածներում ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող հերթապահության արդյունավետության բարձրացմանը, արդյունքում նաև որոշ փողոցներում օրվա ծանրաբեռնված ժամերին երթևեկության կարգավորմանը։
Նախորդ շաբաթվա ընթացքում գույքագրվել, վերականգնվել ու փոխարինվել են վնասված, ինչպես նաև բացակայող ճանապարհային թվով 10 նշաններ։ Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովման նպատակով էլ ձայնային ազդանշան-սարքավորումներով են կահավորվել մայրաքաղաքի թվով 3 խաչմերուկների, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ընդհանուր առմամբ թվով 15 հետիոտնային անցումների բոլոր լուսացուցային օբյեկտների հետիոտնային լուսացույցները։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև