Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանն ունենար մեր փաստարկների տասը տոկոսը, Հայաստանն ամեն տեղ զրկված կլիներ ձայնի իրավունքից

Սեպտեմբեր 02,2014 14:03

1988-ին սկսված արցախյան շարժումը շատ արագ վերածվեց համազգային պայքարի, որի արդյունքը եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը: 23 տարի առաջ` սեպտեմբերի 2-ին ընդունվեց Արցախի Անկախության հռչակագիրը, որի առաջին կետով ասվում է. «Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակումը»:

Այս փաստաթուղթը դարձել է հայկական երկրորդ պետության ստեղծման ու կայացման ուղեցույցը:

Տոնական օրվա հերթական տարեդարձին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը խոսեցին Արցախի անկախության հռչակման և ձեռքբերումների մասին:

Էդիկ Մինասյանը շնորհավորական խոսքից հետո հակիրճ ներկայացրեց անկախության հռչակման ողջ ընթացքն ու նշեց.«Հիշենք, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Իբրև հանրապետություն պահել է իր դիրքը՝ իրավիճակից անկախ: Այսօրվա պայմաններում էլ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ունի նվաճումներ ու հավատարիմ ժողովրդավարական սկզբունքներին պահպանում է իր դերը: Ճիշտ է, չճանաչված պետություն է, բայց Արցախն այսօր ավելի ժողովրդավար է, քան հարևան՝ սպառնալիքներով լեցուն հանրապետությունը, որը փորձում է իր խաղի օրենքները թելադրել ու մոռանում է, որ անկախ հանրապետությունն ամրապնդվում է պետական գրեթե բոլոր ասպարեզներում, ԼՂՀ պաշտպանական բանակը ստեղծվել է ազատագրական մարտերում և այսօր էլ ուժ ու կարողություն ունի՝ թշնամուն հակահարված հասցնելու համար: Իհարկե, կան որոշ թերություններ, որոնք լինում են բոլոր երկրներում, բայց մենք հուսով ենք ու հավատում ենք, որ Արցախը տնտեսական նվաճումներ ու որոշակի ձեռքբերումներ կունենա և ի զորու է պաշտպանել պատմական տարածքը ոսոխի ոտնձգություններից»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը նշեց, որ վերջերս այցելել է ԼՂՀ սահմանապահ դիրքեր՝ մտավորականության ներկայացուցիչների հետ միասին: Զորամասերում հանդիպել են ժամկետային զինծառայողների հետ, որոնց ոգևորությունը հնարավոր չէր չնկատել. մեր զինվորների մեջ իշխում է ոգին ու միասնական հանդես գալու վճռականությունը:

Լարիսա Ալավերդյանն էլ խոսեց ճանաչման գործընթացից ու նշեց, որ Արցախն ավելի ակտիվ պետք է ընդգրկվի տարբեր միջազգային ծրագրերի մեջ. չպիտի լինի մի՝ տարածքների, մարդու իրավունքներին վերաբերող նախագիծ, որտեղ չլինեն Արցախի ներկայացուցիչները:

Վերջում փորձագետը նշեց, որ եթե Ադրբեջանն ունենար մեր փաստարկների տասը տոկոսը, Հայաստանն ամեն տեղ զրկված կլիներ ձայնի իրավունքից:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930