Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերի երեխաները թշնամու կրակոցներից հեռու՝ անվտանգ վայրում կունենան իրենց խաղահրապարակները

Սեպտեմբեր 02,2014 15:03

«Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը սահմանամերձ գյուղերում իրականացնում է սոցիալական ծրագրեր: Ծրագրերից մեկը իրենից ներկայացնում է Չինարի եւ Ոսկեպար գյուղերում խաղահրապարակների կառուցումը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում պատմեց «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հ/կ նախագահ Արման Հայրապետյանը:

Խաղահրապարակների վերաբերյալ ծրագրի մասին խոսելիս՝ Արման Հայրապետյանը նշեց, որ մինչ այդ արդեն իրենց կազմակերպությունը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի երեխաների համար մեկ այլ նախաձեռնությամբ էր հանդես եկել, իսկ խաղահրապարակների կառուցումը դրա շարունակությունն է. «Նախորդ տարի մենք, Բլոգնյուզ թիմի հետ համատեղ, երկօրյա էքսկուրսիա էինք կազմակերպել սահմանամերձ Չինարի գյուղի երեխաների համար Երեւանում: Արդեն ի սկզբանե որոշված էր, որ բացի նրանից, որ երեխաներին պետք է բերենք Երեւան էքսկուրսիայի, նաեւ պետք է իրենց գյուղում էլ ինչ որ բան կառուցենք: Նպատակն էր երեխաներին երկու հեքիաթային օր նվիրել Երևանում, ապա ստեղծել ժամանցի վայր հայրենի գյուղում»:

16 15 14 12 17

Հ/կ նախագահի խոսքով՝ հենց այդ նպատակով է, որ որոշեցին սահմանամերձ Չինարի, ապա նաև Ոսկեպար գյուղերում չափումներ իրականացնել, այնպիսի վայրեր ընտրել, որոնք անվտանգ կլինեն թշնամու կրակոցներից եւ սկսեցին երեխաների համար խաղահրապարակների կառուցումը։

Արման Հայրապետյանի խոսքով՝ չափազանց մեծ էր երեխաների ոգեւորությունը, երբ իմացան, որ իրենց համար պետք է նոր խաղահրապարակներ կառուցվեն. «Երեխաները մեծ սպասումով են լցված, միշտ հարցնում են, թե ե՞րբ են խաղահրապարակների կառուցման աշխատանքները վերջանալու: Շատ կարեւոր է, երբ գիտես, որ երեխաները մեծ սպասում ունեն եւ առավել կարեւոր է, երբ իրենք գիտեն, որ կան մարդիկ, որոնք իրենց մասին մտածում են եւ փորձում են ամեն ինչ անել եւ ստեղծել իրենց համար հետաքրքրություններ»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ շատ էին ցանկանում, որ մինչև ամռան վերջ աշխատանքներն ավարտվեն, և երեխաները խաղահրապարակներ ունենան, սակայն վերջին սահմանային միջադեպերը հետաձգեցին աշխատանքները: «Խաղահրապարակի կառուցման աշխատանքներն ընթանում էին Երեւանում և խաղահրապարակների՝ կարուսելների, ճոճանակների տաղավարները վաղուց պատրաստ էին, սակայն մեծ մեքենայով դրանք գյուղ տեղափոխելը նկատելի կլիներ եւ հակառակորդի աչքին կընկներ, իսկ այդ ամենն ուղղակի չէինք կարող փոքր մեքենայով տեղափոխել»:
Մեր զրուցակցի խոսքով՝ խաղահրապարակները կտեղափոխվեն Տավուշ և կտեղադրվեն իրենց տեղերում սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ տարածք է ընտրվել խաղահրապարակներ կառուցելու համար, որպեսզի դրանք լինեն թշնամու դիրքերից հեռու, մեր զրուցակիցը պատմեց, որ. «Սահմանամերձ գյուղերում մշտապես գտնվում ես հակառակորդների դիրքերի դիմաց, իսկ խաղահրապարակի տարածքները, որոնք ընտրել ենք, համեմատաբար անվտանգ են, օրինակ Չինարիում ընտրված է այնպիսի տարածք, որը ռելիեֆի շնորհիվ անտեսանելի վայր է հանդիսանում թշնամու համար»:

Արման Հայրապետյանը նաեւ ներկայացրեց, որ իրենց կազմակերպությունը սահմանամերձ գյուղերում մի քանի այլ նախաձեռնություններով է հանդես գալիս. «Չինարիում բացի խաղահրապարակից, նաեւ իրենց հին՝ սովետական տարիների լողավազանն ենք վերականգնելու: Այն շատ մեծ լողավազան է ՝ 45 մետր երկարությամբ: Սակայն, կրկին սահմանային վերջին միջադեպերի պատճառով, լողավազանի վերականգման աշխատանքները հետաձգվում են»: Արմանը պատմեց, որ լողավազանի վերականգման աշխատանքներով հիմնականում զբաղվում են գյուղի բնակիչները, ում ուղղակի անհրաժեշտ է ապահովել շինանյութով:

Ծրագրերից մեկն էլ Այգեպար գյուղում մանկապարտեզի վերականգնողական աշխատանքներն են. «Այգեպարի Մանկապարտեզը նույնպես վերանորոգման կարիք ունի ՝ զուգահեռաբար մինչ խաղահրապարակները տեղադրենք, դրա հետ մեկտեղ նաեւ վերանորոգելու ենք մանկապարտեզը»: Արման Հայրապետյանը հավելեց, նաեւ, որ կազմակերպության համար առաջնային դեր են խաղում սահմանամերձ գյուղերը եւ դրանց վերաբերող ծրագրերը, քանզի դրանք են Հայաստանի դարպասները եւ ապահովում են երկրի անվտանգությունը:

Նշենք, որ մինչ այս «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը Չինարի գյուղում բնակվող երեխաների համար երկօրյա էքսկուրսիա էր կազմակերպել դեպի Երեւան՝ Ջրաշխարհ, կենդանաբանական այգի, Ծիծեռնակաբերդ, մանկական սրճարան եւ այլ վայրեր: Նախկինում կազմակերպությունը այց էր իրականացրել Արմավիրի Մարզի, Թուրքիային սահմանակից Երվանդաշատ գյուղ, որը նախորդ տարի կարկուտի պատճառով մեծ կորուստներ էր կրել: Այցելության ընթացքում նվերներ էին հանձնվել գյուղի երեխաներին՝ մանկական ձմեռային հագուստ, խաղալիքներ: Կազմակերպությունը իր նախաձեռնություններն իրականացնում է Արմենտել ընկերության, Մայրական խնամք եւ մի շարք գործընկերների աջակցությամբ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայրենիքի դարպասներ» հ/կ-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930