Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյանի համար Նազարբաևի հայտարարությունները բացառապես տնտեսական էին

Սեպտեմբեր 02,2014 12:05

«Հոկտեմբերի 10-ին Մինսկում անդամ պետությունների ղեկավարների կողմից հրավիրված գագաթաժողովին կկայացվի որոշումը և դրանից հետո կմնան միայն ներպետական ընթացակարգերը»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա հիմնականում խոսեց այն առավելություններից, որը տալիս է Հայաստանին Եվրասիական տնտեսական միության մուտք ու մանրամասնեց. «Առաջին կարևորագույն քայլը, որը լինելու է ՄՄ անդամակցելուց հետո, ելքի -մուտքի տուրքերից ազատումն է: Հաջորդ առավելությունը՝ սանիտարական նորմերն են և Հայաստանի համար բացվող մեծ շուկան, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի մուծման հետաձգումը»:

Պարոն Մինասյանը գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները փոխում է մեր պատկերացումները ռուսական շուկայի վերաբերյալ, որը կար մեկ տարի առաջ. «Մեզ համար առաջանում են նոր հնարավորություններ՝ մեր ապրանքատեսակներն արտահանելու և իրացնելու վերաբերյալ»:

Պարոն Մինասյանի կարծիքով՝ ՀՀ-ն դեռ չմտած ԵՏՄ, օգտվում է կարևորագույն արտոնություններից, օրինակ՝ գազի գինը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այն, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը չեղյալ համարվեց դա չի՞ նշանակում, որ ՀՀ-ն այժմ Ռուսաստանի համար առաջնահերթություն չէ, պարոն Մինասյանը պատասխանեց. «Հակառակն է, խնդիրները, որոնք վարչապետների մակարդակով պիտի քննարկվեին քննարկվելու են նախագահների մակարդակով»:

Հիշատակելով այն, որ հեռակա բանավեճ է ծավալվել ԵՏՄ անդամ երկրների միջև, օրինակ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը արդեն հայտարարում է, թե հնարավոր է իր երկիրը դուրս գա միության կազմից, արդյոք ՀՀ-ին պատիվ բերու՞մ է մուտք գործել մի կառույց, որը դեռ չստեղծված արդեն արժեզրկված է, պարոն Մինասյանը պատասխանեց. «Սա վկայում է այն մասին, որ կառույցը ընդամենը տնտեսական է: Ցանկացած փորձ, որով փորձում են այդ կառույցում իրականացնել քաղաքական գործընթացներ, հանդիպում են անդամ պետությունների հակազդեցությանը: Չեմ բացառում, որ այդ կառույցում կան տնտեսական հակասություններ. սա ևս կարևոր է: Սա ինձ ավելի ու ավելի է սկսում համոզել, որ այստեղ հարաբերություններն առողջ են»:

Պարոն Մինասյանը կարծում է, որ ԵՏՄ-ին կմիանան նաև ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, ինչը մեր անվտանգության համար չափազանց կարևոր է:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտահոգություններին կապված ԵՏՄ անդամակցության հետ, պարոն Մինասյանն ասաց, թե «այս խնդիրները նոր չեն ծագել»:

Դիտարկմանը, եթե կառույցը բացառապես տնտեսական է, այդ դեպքում Նազարբաևի՝ «Չնեղացնենք մեր հարևան Ադրբեջանին» հայտարարությունն էլ է՞ տնտեսական, պարոն Մինասյանը պատասխանեց. «Այո, տնտեսական է»: Նա վստահեցրեց, որ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված որևէ փոփոխություն չի լինի, մաքսակետ էլ չի տեղադրվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930