Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Իշխանության համար տարվա բոլոր եղանակներն էլ թեժ են». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 02,2014 11:36

«Հայոց աշխարհ»ի  հարցերին պատասխանում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ

-Ընդդիմությունը, ի դեմս ոչ իշխանական ուժերի, փութաջանորեն պատրաստվում է աշնանային թեժ զարգացումներին՝ խոստանում է սեպտեմբերի 30-ից հետո նախատեսված միասնական հանրահավաքը դարձնել իշխանություն-ընդդիմություն պայքարի բեկումնային հանգրվան։ ՀՀԿ-ն ի՞նչ է մտադիր ձեռնարկել՝ ի հակակշիռ քառյակի «զորաշարժերի»։

-Իհարկե, ընդդիմությունը կփորձի սեպտեմբերի 30-ից հետո ակտիվանալ, թեժություն մտցնել քաղաքական կյանքում, բայց եթե խոսելու լինենք թեժ աշնան մասին, մեզ համար ամառն էլ բավական թեժ էր։ Ընդհանրապես իշխանության համար տարվա բոլոր եղանակներն էլ թեժ են, ուրիշ բան, թե թեժ ասածի տակ ով ինչ է հասկանում։
Պետաիրավական հանձնաժողովի օրակարգում, օրինակ, ներառված են մեծ թվով նախագծեր, որոնցից 12-13-ը ներկայացված կլինի արդեն առաջիկա քառօրյայի ընթացքում, այնպես որ սպասվում է ծավալուն աշխատանք, լուրջ քննարկումներ։ Սա կարելի՞ է համարել թեժ աշուն, թե՞ ոչ։

-Ընդդիմության 12 կետանոց պահանջների մի մասը օրենսդրական լուծումներ են ենթադրում՝ կապված մասնավորապես հարկային քաղաքականության, գյուղատնտեսության սուբսիդավորման հետ։ Այդ պահանջները որքանո՞վ արտացոլված են ձեր հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող նախագծերում։

-Գիտեք, որ հարկային քաղաքականության հետ կապված՝ վարչապետը եւ կառավարությունը բազմաթիվ փոփոխություններ են նախապատրաստել, որոնցից մի քանիսն արդեն իսկ ընդգրկված կառավարության ծրագրում։ Ընդդիմության մի շարք հարցադրումներ իսկապես լուծելի են, բայց դրանք պետք է լուծվեն փոխզիջումների դաշտում։

Չեմ կարծում, թե խնդիրը այդ 12 կետերն են՝ իշխանությունը միշտ էլ պատրաստ է եղել քննարկել եւ ընթացք տալ ցանկացած կառուցողական առաջարկության, ում կողմից էլ դա լինի։ Դե, իսկ ընդդիմությունը բնականաբար պետք է հանդես գա արմատական հայտարարություններով, որպեսզի կարողանա ակտիվացնել իր համակիրներին։ Դրան են միտված նաեւ քառյակի ներկայացուցիչների վերջին օրերի նախաձեռնությունները, խոսքերը, քայլերը, եւ այս միտումն էլ ավելի կընդգծվի առաջիկա քառօրյայում՝ հատկապես հայտարարությունների, հարցուպատասխանի ժամերին։

-Ի՞նչ եք կարծում, քառյակին կհաջողվի՞ քաղաքական խնդիրները խորհրդարանից տեղափոխել փողոց։

-Ազգային ժողովը երկրի թիվ 1 քաղաքական հարթակն է, եւ բանավեճերը, տեսակետների բախումը նախ եւ առաջ պետք է ծավալվեն խորհրդարանում։ Եթե իրենք փողոցում իրենց ավելի հարմարավետ են զգում, դա էլ է ոճ, դա էլ է ձեւ, որը մեզ համար ընկալելի եւ ընդունելի է, եթե իհարկե տեղավորվում է օրենքի շրջանակներում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930