Ֆրանսիական աշխարհահռչակ «Քարֆուր» հիպերմարկետի բացումը Երեւանում հերթական անգամ հետաձգվում է։ Այս մասին երեկ «ՀԺ»-ն տեղեկացել է «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում, որի առաջին հարկում «Քարֆուրին» 6600 քառակուսի մետր մակերեսով տարածք է տրամադրվել։
Ինչպես հայտնել են «Երեւան մոլի» ադմինիստրացիայից, հիպերմարկետի բացումը շինարարական պատճառներով հետաձգվում է մինչեւ նոյեմբերի վերջ կամ դեկտեմբեր ամիս։ «Քարֆուրի» տարածքում շինարարություն իրականացնող բանվորներից մեկն էլ ասաց, թե հիպերմարկետի բացման առավելագույն ժամկետը եկող տարվա հունվար ամիսն է։
«Քարֆուրի» բացման վերջնաժամկետը մի քանի անգամ արդեն հետաձգվել է։ Նախ՝ խոսք էր գնում այս տարվա օգոստոս-սեպտեմբեր, հետո՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների մասին։ Հոկտեմբերը նշվում էր որպես առավելագույն վերջնաժամկետ։ Այս մասին անգամ լրագրողներին ավելի վաղ վստահեցրել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ «Գիտեք ի՞նչ, ոնց որ մոր արգանդում պստիկ պտուղ՝ սպասում է, հասունանում, մինչեւ կհասնի այդ պահը, երբ ինքը կթողնի տաքուկ աշխարհն ու կգա այս աշխարհ։ Դուք ինքներդ էլ ականատեսը եղաք, թե ինչպես երկու երկրների նախագահները այցելեցին ծնվելու շեմին գտնվող երեխային»,- ասել էր նա դեռ հուլիսին տված ասուլիսում։ «ՀԺ»-ն այդ ամիսներին գրել էր, որ «Քարֆուրի»՝ հոկտեմբերին բացվելու մասին կանխատեսումները ճշգրիտ չեն, եւ որ դրա ժամկետը կձգձգվի մինչեւ տարեվերջ։
Այս պահի դրությամբ «Քարֆուրի» տարածքում շինարարությունը շատ առաջ չի գնացել։ Մի քանի ամիս շարունակ վերանորոգվող տարածքում գործը հասել է ընդամենը պատերի սպիտակեցմանը։ Ո՛չ պատերի, առաստաղի ու հատակի դիզայնն է արված, ո՛չ լուսավորությունը։ Շինհրապարակը հեռու է վիտրաժները տեղադրելու վիճակից։
Կարդացեք նաև
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում