Յոթ տարի Հրազդանի N 11 հիմնական դպրոցի հատուկ ստորաբաժանումում ուսանելուց հետո Արփինե Գալստյանին տեղափոխեցին հանրակրթական դպրոցի համապատասխան դասարան:
«Ուսումնական ունակությունների խանգարում» ախտորոշումը հատուկ դպրոցում ընդգրկվելու միակ պատճառը չէր. Արփինեի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, հետևաբար չէր կարող հոգալ հանրակրթական դպրոցում ուսուցման ծախսերը: «Մամաս այգում է աշխատում, կարտոֆիլ է ցանում, դրանով էլ ապրում ենք»,- պատմում է աղջիկը:
Հատուկ դպրոցի իր ընկերուհիների և ուսուցիչների մասին խոսում է հիացմունքով: «Մեր դասարանը փոքր էր, բոլորս իրար օգնում էինք: Դասատուներն առանձին աշխատում էին ամեն մեկիս հետ: Մի օր ռուսերենի նոր դասատու եկավ: Ինքն ասեց, որ ես խելացի եմ, ու պիտի սովորեմ հանրակրթական դպրոցում»:
Ուսուցիչ Ծովինար Հակոբյանը ևս գովեստով է խոսում իր աշակերտուհու մասին՝ վերհիշելով նրա՝ անսխալ և գեղեցիկ բառապաշարով շարադրված նամակը Ձմեռ պապիկին:
Կարդացեք նաև
Բժշկական փորձաքննության արդյունքում Արփինեի մտավոր կարողությունները գնահատվել են լավ, և աղջկան տեղափոխել են մեկ այլ դասարան: Նոր դասարանում իրեն սիրով են ընդունել, սակայն նա առ այսօր չի համակերպվում համադասարանցիների մտածելակերպի հետ: «Իրենք շատ ազատ են, ամբողջ օրը համացանցում են»:
Սիրում է «Ռազմագիտություն» առարկան, երազում զինվորական համազգեստ հագնել, սակայն չի հավատում, որ երազանքը մի օր կիրականանա: Դպրոցում կազմակերպվող միջոցառումներին չի մասնակցում, քանի որ «ամաչում է»:
Մի ժամանակ բանաստեղծություններ է գրել տարբեր թեմաներով, այսօր այլևս չի գրում: «Մեկ է՝ անցնելու է, գնա, էլ ինչի՞ գրեմ»,- դառնությամբ ասում է նա:
Հայաստանի. սոցիալապես անապահով ազատամարտիկների ապագայով շատ է մտահոգված. «Հարուստ լինեի՝ բոլոր աղքատներին կօգնեի»,- ասում է 15-ամյա Արփինեն:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Այդ դեպքում հարուստ չեիք լինի…
Այս աղջնակն արդեն հարուստ է. հոգով և մտքի թռիչքով: