ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո երեկ Շուշիի բերդապարիսպի մոտ, տեղի ունեցավ, ըստ էության, պատմաքաղաքական և մշակութային կարևոր իրադարձություն, որի աջակիցն էին ՀՀ եւ Արցախի մշակույթի նախարարությունները։
Մշակույթի նախարարները, ի դեպ, մասնակցում էին այսօրվա միջոցառմանը:
ՀՀ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, բալետային խմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, «Հովեր» և «Սպեղանի» երգչախմբերի, հայ օպերային արվեստի հայտնի դեմքերի մասնակցությամբ ներկայացվեց կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան։ Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանի խոսքով, «թե՛ այս, թե՛ նախորդ տարի սեպտեմբերի մեկին ներկայացված «Արծվաբերդ» օպերան յուրատեսակ ձոն են՝ նվիրված Արցախի անկախության օրվան և հարգանքի տուրք՝ ազատ և անկախ Արցախի համար զոհվածներին»։
Ինչ վերաբերում է «Կրակե օղակ» օպերային՝ ՀՀ առաջին տիկինն ասաց.«Եթե Լյուբով Կազարնովսկայան այն գնահատում է չորսին գումարած, ապա ես կարող եմ լռել: Այսօր եվրոպական երկրներում նշում են Տերտերյանի հոբելյանը, ուրախ եմ, որ մենք էլ նշում ենք Ավետ Տերտերյանի 85- ամյակն իր սիրելի եւ պատմական Շուշիում»:
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ օպերան դիտելու հնարավորություն կունենա առաջիկայում նաեւ հայաստանյան հանդիսատեսը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի թատրոնում։
Օպերայի հիմքում Բորիս Լավրինովի «Քառասունմեկերորդ» պատմվածքի իրադարձություններն են, որի հիման վրա էլ նկարահանվել է Գրիգորի Չուխրայի համանուն ֆիլմը։ Ներկայացման սյուժեն միահյուսված է չարենցյան «Սոմա», «Ամբոխները խելագարված» ստեղծագործությունների բարձր, հեղափոխական տոնայնությանը՝ ստեղծելով գեղեցիկ լեգենդ՝ պատերազմի, խաղաղության և սիրո մասին։
«Իրավիճակների օպերան՝ սիրո եւ պատերազմի մասին»՝ինչպես ասվեց, ավարտվեց հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո, հանդիսատես, որը ողջ ներկայացումը դիտեց շունչը պահած, լռության մեջ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ