24-ամյա Վահե Հակոբյանը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի շրջանավարտ է, այստեղ սովորել է գեղանկարչություն: Այսօր «Ականաթ» սրճարան-ցուցասրահում ներկայացված էին նրա աշխատանքները եւս: Այստեղի ցուցահանդեսով մեկնարկեց «Հանրային լրագրություն ակումբի» եւ թուրքական կազմակերպություն «Անատոլու Քյուլթուրի» նախաձեռնած «Նկարիչների փոխայցելություն» նախագիծը, որին մասնակցում են չորսական հայ եւ թուրք երիտասարդ նկարիչներ իրենց ղեկավարների գլխավորությամբ: Հայ եւ թուրք երիտասարդների գործերը ցուցադրվելու են մեկ շաբաթ՝ մինչեւ նախագծի ավարտը:
Վահեն ասում է, որ թուրք երիտասարդների հետ հաղորդակցվում է առանց բարդույթի, շփման մեջ առավել շատ կարեւորում է մարդկային որակները, եւ ոչ ազգությունը: Ուրախ է, որ իրենք հնարավորություն է ընձեռվել մասնակցել այս նախագծին, ասում է, որ այն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում քայլ առաջը կապահովի: «Շփում կլինի: Մեզ ավելի հաճելի կլինի փորձի փոխանակումը: Ընթացքում գուցե լինեն խոսակցություններ նաեւ մեր երկրների հարաբերությունների մասին, բայց ինձ հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչո՞վ են զբաղվում իմ կոլեգիաները Թուրքիայում»,- ասում է նա:
Մինչ հայ եւ թուրք երիտասարդ արվեստագետների գործերին ծանոթանալը «Հանրային լրագրության ակումբի» նախագահ Սեդա Մուրադյանը ներկաներին ծանոթացրեց նախագծի մանրամասներին՝ համոզված լինելով, որ մշակույթի միջոցով հնարավոր կլինի երկու երկրների միջեւ երկխոսությունը զարգացնելը:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսին ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցն էլ կարեւորեց, որ մասնակիցներն այս ծրագրի իրականացումը հիրավի գնահատում են:
Նա նշեց. «Մենք կարծում ենք, որ երկու երկրների արվեստի ներկայացուցիչների միջեւ գործընկերության հնարավորությունների, ինչպես նաեւ երկխոսության համար քաղաքակիրթ հարթակ ստեղծելը կենսական կարեւորություն ունի»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ