Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կայացավ «գոմեշի մսի» գործով դատական առաջին նիստը:
Նշենք, որ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՊՆ ոլորտում մսի մատակարարման գործընթացի ժամանակ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել Է `ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 126.936.000 դրամի գույքային վնաս:
Հայտնաբերված խախտումների առնչությամբ քրեական գործ էր հարուցվել: Ալբերտ Օհանջանյանը 8 ամիս 11 օր կալանքի տակ է գտնվել: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այսօր կայացած դատական նիստի ժամանակ մսի կոմբինատի նախկին տնօրենը նշեց, որ իրեն մեղավոր է ճանաչում եւ դեռեւս գործի նախաքննության փուլում պատճառված նյութական վնասն էլ ամբողջությամբ վերականգնել է` պաշտպանության նախարարության կարիքների համար Կապան քաղաքում կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր: Այսօր պաշտպանական կողմի միջնորդությամբ դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով: Պաշտպանական եւ մեղադրական կողմերը նիստի ժամանակ հանդես եկան նաեւ ճառերով:
«Միջնորդում եմ Ալբերտ Օհանջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 5 տարի ժամկետով», -մեղադրական ճառի ժամանակ նշեց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Ալեքսան Ղազարյանը:
Իսկ Ալբերտ Օհանջանյանի պաշտպան Իրինա Մանուկյանն էլ իր պաշտպանական ճառում դատարանին խնդրեց հաշվի առնել մեղմացնող հանգամանքները, մասնավորապես, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, նախկինում դատապարտված, արատավորված չի եղել, ներկայումս իրեն մեղավոր է ճանաչում եւ զղջում կատարածի համար, ունի դրական բնութագիր, կամավոր փոխհատուցել է պատճառած նյութական վնասը:
«Միջնորդում եմ նշանակել հոդվածի սանկցիայով նվազագույն պատիժը, քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, այն պայմանականորեն չկիրառել, նշանակել փորձաշրջան 2 տարի ժամկետով», – նշեց Ալբերտ Օհանջանյանի պաշտպան Իրինա Մանուկյանը:
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել` ժամանակ տալով Ալբերտ Օհանջանյանին իր վերջին խոսքը պատրաստելու համար եւ հաջորդ դատական նիստը նշանակեց սեպտեմբերի 18-ին: Մսի կոմբինատի նախկին տնօրենի վերջին խոսքը լսելուց հետո կհրապարակվի դատավճիռը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ամոթ է լավ այս թատրոնը: Իբր Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը սա մենա՞կ է արել: Խոսքը 100 կիլոգրամի՞ մասին է: 82 տոննա՛ միս. ու բանակի ոչ մի ստուգող- պաշտոնյա դա «չնկատե՞ց»: Ամենաներքևում գտնվողին մի լա՜վ պատժեցին, իսկ ՀՀ բանակի
նժդեհական գեներալ(ներ)ը շարունակում է/են «թուրքին լացացնել՞»:
А где находится генерал-лейтенант Пайтян который задумал всё это? Его не видно ни на каком суде. И даже на него не было обвинения. Когда закончатся такие беспределы со стороны рукаводства, что за них всегда будут на скамье подсудимых невинные граждане? Скажите хотя-бы одну дату и мы потерпим.