Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը՝ մանկավարժներին. «Պետք չէ բռնանալ աշակերտի կարծիքին»

Սեպտեմբեր 01,2014 20:50

Այսօր նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորանքով «Առավոտը» հյուրընկալվեց  Հրազդանի՝ Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոցում:

Ներկայումս դպրոցն ունի 900 աշակերտ: Տնօրեն Մելս Զաքարյանի խոսքով՝ անցած տարիների համեմատ այս տարի գրանցվել է աշակերտական կազմի զգալի աճ. դպրոցի շեմից մուտք են գործել 155 առաջին դասարանցիներ:  «Երկրում արտագաղթ է, ինձ մոտ՝ ներգաղթ», – կատակով նշեց պարոն Զաքարյանը: Ինչ վերաբերում է ուսուցչական կազմին՝ վերջինիս հավաստմամբ՝ պարբերաբար իրականացվում է նոր կադրերի ընտրություն մրցութային կարգով:

DSC01120

Խոսելով հետխորհրդային շրջանից առ այսօր սերունդների կրած բարոյահոգեբանական փոփոխությունների մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ ամեն տարիք իր չափորոշիչն է բերում: «Այսօր աշակերտն ավելի խելացի է,  ուշադիր իր ուսուցչի նիստուկացի հանդեպ. նա ընդունակ է ինքնուրույն դատողություններ անելու»:

DSC01139

Բանախոսը յուրաքանչյուր մանկավարժի գերխնդիր է համարում դասավանդման մեթոդիկայի կատարելագործումը՝ նախապատվությունը տալով ինտերակտիվ դասընթացներին: «Պատահել է՝ դասալսում եմ անցկացրել, 40 րոպե միայն ուսուցիչն է խոսել»: Նա հորդորեց լինել սովորեցնող ու սովորող և երբեք չբռնանալ աշակերտի կարծիքին: «Երեխան չպիտի թութակի պես կրկնի ուսուցչի ասածը: Թող ինքը դատի՝ դավաճա՞ն է արդյոք Վասակը, թե՞ ոչ»:

Հանդիպման վերջում տնօրենը ողջունեց դպրոցներում ներառական կրթության իրականացման ծրագիրը, որն, այնուամենայնիվ, չի վերաբերում մտավոր թերզարգացվածություն ունեցող աշակերտներին:

Տեղեկացնենք, որ դպրոցում արդեն 6 տարի գործում է հատուկ կրթության ստորաբաժանում, որտեղ ուսանում են 26 աշակերտներ. նրանցից 4-ը, տեղամասային բժշկի որոշմամբ, ստանում են տնային ուսուցում:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930